Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեղափոխված էին նրանց հայրենի Գյուլիստան գավառից։ Այն ևս հայտնի է, որ Բոլնիսը շնորհվեցավ որպես մշտական սեփականություն Մելիք-Բեգլարյաններին իրանց հպատակների հետ բնակվելու համար: Վրաստանում այդ ժամանակ տիրում էր ճորտատիրության իրավունքը: Թեև մելիքները Վրաստան գաղթելով, չկամեցան իրանց հպատակների վերաբերությամբ ընդունել ճորտության իրավունքներ, այսուամենայնիվ, նրանք պահպանեցին տիրապետողի և հպատակի իրավունքները, այն ձևերի մեջ, որպես վաղուց սովորական էին Ղարաբաղում։ Երբ այդ իրավունքներից ես կամենում էին զրկել նրանց, այնուհետև ուրիշ ոչինչ չէր մնում, բայց միայն թողնել Վրաստանը և կրկին տեղափոխվել Ղարաբաղ:

Այդ էր պատճառը, ոը Մելիք-Բեգլարյանների ժառանգները և նրանց հպատակները, երկու վերջին նշանավոր իշխողների, Մելիք֊Աբովի և Մելիք-Ֆրեյդունի մահից հետո սկսեցին հետզհետե թողնել Վրաստանը և տեղափոխվել Ղարաբաղ[1]: Նրանք մնացին Վրաստանում մոտավորապես տասներկու տարի (1797—1809)։ Մելիք-Բեգլարյանների բացակայության ժամանակում նրանց գյուղերը, կալվածները, մի խոսքով, ամբողջ Գյուլիստանի գավառը, որ այդ տոհմի հայրենական, ժառանգությունն էր, անցել էր Իբրահիմ-խանի ձեռքը։ Բայց Մելիք-Բեգլարյանները կրկին հետ խլեցին խանից բոլորը և իրանց հայրենի երկրի տերը դարձան[2]:

XL

Ղարաբաղի հայոց գաղթականությունը Վրաստանում[3] բախտավոր լինել չկարողացավ։ Դրա պատճառները այնքան մթին են, որ այժմ անհարմար կլիներ ամբողջությամբ երևան հանել։ Թե

  1. Մելիք-Բեգլարլանների տոհմը Ղարաբաղի մյուս տիրապետող մելիքների մեջ կարելի է առաջինը համարել, որ կարողացավ պահպանել մինչև վերջին ժամանակները իր հայրենի ժառանգության եթե ոչ ամբողջը, այլ նրա մեծ մասը: Այժմ Գյուլիստանի գավառում, այդ տոհմի ներկայացուցիչների ձեռքում մնացել են 18 գյուղեր, որ գտնվում են ավելի քան հարյուր հազար դեսյատին հողի տարածության վրա։ Գյուղերը բոլորը հայաբնակ են, մեկը միայն բնակեցրած է մալականներով:
  2. Ժողովրդի ամենափոքր մասը միայն մնաց Վրաստանում, որը գաղթեց 1812 թվին դարձյալ դեպի Ղարաբաղ
  3. Թեև մենք անդադար գործ ենք ածում Վրաստան բառը, բայց այն գավառները, որպես էին Բոլնիսը, Լոռին, Բորչալուն, որ տվել էին հայ գաղթականներին բնակության համար, իսկապես հայկական գավառներ էին