Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լիքները և թե նրանց ժողովուրդը շատ դժբախտությունների հանդիպեցան։ Ժանտախտը, որի պատճառով նրանք ցիրուցան եղան և եկան Վրաստան, այստեղ ևս հայտնվելով, շատ զոհեր տարավ։

Մելիքներից ավելի խելացի գտնվեցավ Մելիք-Շահնազարյան Մելիք-Ջումշուդը։ Հերակլի և Գիորգիի մահից հետո, զզվելով տեղային անախորժ հանգամանքներից, կամեցավ Լոռին վաճառել և կրկին տեղափոխվել Ղարաբաղ, իր հայրենի երկիրը՝ Վարանդա։

Նույն ժամանակվա Վրաստանի լեռնային մասի կառավարիչ կոմս Մուսին-Պուշկինը օգտավետ համարեց գնել Մելիք-Ջումշուդից Լոռին, գնահատելով այդ երկիրը 6000 ռուբլով։ Դրա հակառակ, նույն ժամանակվա գլխավոր հրամանատար իշխան Ցիցիանովը (վրացի) զանազան պատճառներ բերելով, կամենում էր ցույց տալ, որ Լոռին Մելիք-Ջումշուդի սեփականությունը չէ և վաճառելու իրավունք չունի։ Բայց Ս. Պետերբուրգում արդեն գիտեին իշխան Ցիցիանովի անհամակրությունը դեպի հայոց մելիքները, որը արտահայտել էր նա շատ դեպքերի մեջ[1]։ Այդ էր պատճառը, որ իշխանի կարծիքներին Ս. Պետերբուրգում չհամաձայնվեցան, և ֆինանսական մինիստրի 1805 թ. 22 մայիսի կարգադրությամբ իրավունք տրվեցավ Մելիք-Ջումշուդին Լոռին վաճառելու և տեղային կառավարությանը հրամայվեցավ կալվածագիրը հաստատելու։

Իհարկե, եթե մի քանի տարի ևս ուշացնելու լիներ Մելիք-Ջումշուդը, նա ամեն բանից կզրկվեր, որպես Մելիք-Աբովի ժառանգները զրկվեցան Բոլնիսից։ Բայց Լոռին վաճառելուց հետո նույն տարվա մեջ (1805) Մելիք-Ջումշուդը թողեց Վրաստանը և իր հպատակների հետ տեղափոխվեցավ Ղարաբաղ, իր հայրենի գավառը՝ Վարանդա։

Այդ քաջ, միևնույն ժամանակ խելացի պատերազմողը շատ նպաստեց ռուսաց տիրապետության տարածվելուն Անդրկովկա-

  1. Նույն կոմս Մուսին-Պուշկինը իր 1802 ամի 9 սեպտեմբերի առաջադրությամբ խնդրեց թագավոր կայսրից պարգևատրել Մելիք-Ջումշուդին նրա ռուսաց կառավարությանը ցույց տված ծառայությունների համար ոսկյա թրով։ Իսկ իշ. Ցիցիանովը դրա հակառակ իր 1804 թվի 20 հունվարի զեկուցումով հաղորդեց, որ մի այդպիսի պարգևատրություն հայոց մելիքին կարող էր վիրավորել վրաց իշխաններին, և ամեն մի համեմատություն հայ իշխանների վրաց իշխանների հետ վերջինների համար վիրավորական պետք է համարել։

    Իր 1804 30 դեկտեմբերի հաղորդագրության մեջ, ի թիվս այլոց, գրում է իշ. Ցիցիանովը թագավորին. Իբրահիմ-խանը (Շուշի բերդի) ուներ մինչև 60,000 տուն միայն Ղարաբաղի հայեր, որոնք կառավարվում էին հինգ նշանավոր մելիքներով, որոնցից ոմանք, որպես ես մտածում եմ, հիմարաբար իրանց ծագումը դուրս էին բերում հին Հայաստանի թագավորներից…»։