Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դեռ 1803 թվի դեկտեմբեր ամսում, երբ իշ. Ցիցիանովը պաշարեց Գանձակը, Մելիք-Ջումշուդը իր սեփական ձիավորներից կազմված հայկական գունդով կանգնած էր այդ բերդի պարիսպների մոտ։ Նրա զորքերի թվում գտնվում էին Թիֆլիսի հայոց առաջնորդ Հովհաննես արքեպիսկոպոսը և Ներսես վարդապետը, որը վերջը հայոց անմոռանալի Ներսես Ե-րդ կաթողիկոսը դարձավ։ Այդ եռանդոտ եկեղեցականը, իր հայրենիքը պարսից լծից ազատելու համար, մասնակցում էր իշ. Ցիցիանովի արշավանքներին, որպես Երկայնաբազուկ-Արղության Հովսեփ արքեպիսկոպոսը մի ժամանակ մասնակցում էր կոմս Զուբովի արշավանքներին։ Բերդի պաշարումը երկար տևեց։ Ջավադ-խանը, որը արդեն ծանոթ է մեր ընթերցողներին, քաջությամբ պաշտպանվում էր։ Վերջը, 1804 3 հունվարի, ռուսաց և հայոց զորքերը, սաստիկ հարձակում գործելով, պարսպի մի մասը խորտակում են և ներս են մտնում։ Բերդի մեջ մի քանի ժամ շարունակվում էր կռիվը և կոտորածը, որը դադարեց այն ժամանակ, երբ Ջավադ-խանը սուրը ձեռքում իր որդիների հետ ընկավ։

Այնուհետև Մելիք-Ջումշուդը մյուս մելիքների հետ իրանց զորքերով մասնակցեցին իշ. Ցիցիանովի շիրվանյան և երևանյան արշավանքներին, և ոչ սակավ ծառայություններ ցույց տվին։ Ջումշուդի խորհրդով և աշխատությամբ Գանձակի բերդը գրավելուց հետո, Շուշի բերդի Իբրահիմ-խանը, Ղարաբաղի մելիքների վաղեմի թշնամին, բոլորովին առանց պատերազմի ընդունեց ռուսաց հպատակությունը (1805)։ Իսկ երբ մի քանի ամսից հետո (1806, 8 փետ.) իշ. Ցիցիանովը սպանվեցավ Բաքվի Հուսեին-Կուլի-խանի դավադրությամբ [1]

  1. Իշխան Ցիցիանովի սպանման մանրամասները հայտնի են Անդրկովկասի պատմության մեջ, բայց մեզ, հայերիս համար, հետաքրքիր է այն, որ Բաքվի ամբողջ հայ հասարակությունը, պետք է ռուսաց գյխավոր հրամանատարի վիճակին ենթարկվեր, եթե մի բարեսիրտ պարսիկ չազատեր նրանց։ Դեռ Ցիցիանովը Բաքվին չհասած, տեղային հայերը ցույց տվին ռուսներին սաստիկ համակրություն և աջակցություն այդ բերդը տիրելու համար։ Բացի դրանից, մի հայ, որ ավելի մոտ էր Հուսեին֊Կուլի-խանին, և տեղյակ նրա չար դիտավորություններին իր գազանի նամակով առաջուց իմաց տվեց իշխանին, որ զգուշանա, որովհետև նրա դեմ դավադրություն կա: Իշ. Ցիցիանովը նրա նախազգուշության վրա ուշադրություն չդարձրեց և պատժվեցավ։ Այնուհետև խանը կամեցավ պատմել Բաքվի ամբողջ հայ հասարակությանը. նրանց ռուսներին ցույց տված համակրության համար։ Նա խորհրդակցեց քաղաքի մահմեդականների նշանավորների հետ ստացավ նրանց հավանությունը բոլոր հայերին կոտորելու։ Այդ մտքով խանը հրամայեց հայերին հավաքեցին եկեղեցիների մեջ։ Բայց մի պարսիկ հաջի, որը խոհեմ բարեսիրտ մարդ էր, շտապում է խանի մոտ, և ցույց տալով նրա բարբարոսության վատ հետևանքները, կարողանում է ամոքել նրա բարկությունը և ազատում է հայերի կյանքը: Այնուհետե Բաքվի հայերը միշտ մեծ հարգանքով և երախտագիտությամբ են վերաբերվել դեպի այդ մարդու տունը: