Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդ քաղաքը ներս մտնելու միջոցին,— նույն ժամանակ, հենց որ ռուսաց զորքերի գլխավոր հրամանատարի մահվան լուրը տարածվեցավ, Անդրկովկասի ամբողջ մահմեդական ժողովրդաբնակությունը մևձ հուզմունքի մեջ ընկավ, համարյա ամեն տեղ սկսեցին ապստամբական ցույցեր անել։

Այդ ժամանակ պարսից զորքերը գտնվում էին Երասխ գետի աջ ափերի վրա, պարսից թագաժառանգ Աբաս֊Միրգայի անձնական հրամանատարության ներքո։

Նույն ժամանակ Շուշի բերդի Իբրահիմ-խանը, չնայելով, որ մի քանի ամիս առաջ հպատակության երգում էր տվել ռուսաց կառավարությանը, հենց որ լսեց իշ. Ցիցիանովի մահը, կրկին դավաճանեց իր երդմանը։ Նա գաղտնի կերպով ուղարկեց իր եղբայր Մամադ֊Հասան-աղային Աբաս-Միրզայի մոտ, և հայտնելով նրան երկրի թափուր դրությունը ռուսաց զորքերից, այլև մահմեդականների կատաղությունը ռուսների դեմ, հրավիրեց նրան փութով անցնել Երասխը, խոստանալով, թե ինքն էլ կմիանա պարսից զորքերի հետ, և կառաջնորդե նրանց ռուսներին ջարդելու։

Աբաս-Միրզան զորքերի ահագին բազմությամբ անցավ Երասխը և մոտեցավ Շուշի բերդին։ Այնտեղ գտնվում էին մի քանի հարյուր ռուս սալդատներ միայն, փոքրաթիվ կազակների հետ, պոդպոլկովնիկ Լիսանևիչի հրամանի ներքո, որը հայտնի էր տեղացիներին անունովս դալի-մայոր, որ նշանակում է գիժ մայոր Աբաս-Միրզայի բանակը արդեն դրած էր Շոշի գյուղի[1] մոտ գտնված լեռան բարձրավանդակի վրա և այնտեղից պատրաստվում էր ռմբակոծել Շուշի բերդը: Այդ միջոցին Եբրահիմ-խանը, իր հետ առնելով իր ընտանիքը, որ բաղկացած էր 24 հոգուց, գիշերով ծածուկ դուրս եկավ բերդից, և կամենում էր դիմել դեպի Աբաս-Միրզայի բանակը։ Ոչ ոք չկարողացավ նկատել այդ, բացի Մելիք-Ջումշուդից, որին առաջուց հայտնի էին խանի դիտավորությունները։ Մելիք֊Ջումշուդն այդ ժամանակ իր հեծելախմբով գտնվում էր բերդի մեջ։ Նա անմիջապես իմացում տվեց պոդպոլկովնիկ Լիսանևիչին, և երկուսը միասին, վեր առնելով իրանց հետ

  1. Շոշի հայաբնակ գյուղը գտնվում էր մոտավորապես երեք վերստ հեռավորության վրա Շուշի բերդից: