Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շեֆը, և պոլկովնիկ Կարյագինը, եգերյան զորագունդի շեֆը, տեսան ինձ կռվելու ժամանակ, տեսան իմ և իմ զորքերի քաջությունները, վերջապես տեսան իմ հավատարմությունը,— որովհետև հացի պակասության ժամանակ ես մատակարարեցի պաշար ռուսաց զորքերին և ցույց տվի նրանց բազմաթիվ ծառայություններ այդ բոլորը խիստ հաճելի թվեցան նրանց, և այդ պատճառով, հաղորդագրելով իմ մատուցած բոլոր ծառայությունների մասին, նրանք խնդրեցին գեներալ- մայոր Նեսվետաևից, որ նա հասցնե ի տեղեկություն մեր ամենաողորմած թագավորին։ Բայց դժբախտաբար, և ինձ անհայտ պատճառներով, նա (Նեսվետաևը) չներկայացրեց։

Իսկ երբ որ ես եկա այստեղ (Թիֆլիս), այն ժամանակ խնդիր մատուցի նորին պայծառափայլության կոմս Ի. Վ. Գուդովիչին, որը, հույս ունեմ, այն սիրո համար, որ ունի դեպի ձեզ և դեպի մեր ժողովուրդը (որին նա խնամք է ցույց տալիս), կվարձատրե ինձ այն ամենի համար, ինչ որ ես մինչև այսօր կատարել եմ, իհարկե, ես զրկված չեմ լինի այդ դեպքում ամենաբարձրյալի օգնությունից և ձեր ողորմածությունից։

Երկրորդ, դուք գրում եք, թե ինչո՞ւ մենք չենք կազմակերպում կանոնավոր զորագունդեր։ Դուք հավատացած եղեք, որ մենք հեշտությամբ կարող էինք անել այդ, և այն ևս առանց ուրիշի օգնության, եթե մենք այժմ տեր լինեինք մեր առաջվա հարստության և ժողովրդին, որը, սովի և ժանտախտի պատճառով, ցրիվ եկավ դեպի Շիրվան և Վրաստան։ Իմ հայրը (Մելիք-Շահնազարը) և մեր նախնիքը միշտ պահում էին իրանց մոտ այնպիսի զորագունդեր, որոնց կազմակերպելը դուք ինձանից պահանջում եք: Բայց այն ժամանակ նրանք տիրում էին ամբողջ Ղարաբաղի վրա, և բոլոր հայերն ու թուրքերր նրանց հպատակներն էին։ Ուրեմն, եթե դուք ցանկանում եք, որ հայոց ժողովուրդը ազատվեր բարբարոսների (թաթարների) բռնակալությունից,— եթե ցանկանում եք, որ բոլորը (գաղթածները) կրկին վերադառնային դեպի իրանց հայրենիքը, պահպանեին կանոնավոր զորագունդեր և լավ ծառայություններ մատուցանեին մեր ամենաողորմած թագավորին,— պետք է որ դուք միջնորդեք, 1-ին, որ հրամայեին մեր ցրիվ եկած ամբողջ ժողովրդին, որոնք գտնվում են Շիրվանում և Վրաստանում, որ նրանք կրկին վերադառնային իրանց հայրենիքը (Ղարաբաղ)։ 2-րդ, որ նրանք ազատ լինեին բոլոր հարկերից և