Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/309

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1806 թվին, Ղարաբաղի տիրապետող հինգ մելիքները[1], բոլորը միասին, համարյա միևնույն բովանդակությամբ նամակ են գրում աղա Մինաս Լազարյանին Ս. Պետերբուրգ։ Այդ նամակի մեջ մելիքները դարձյալ արտահայտում են միևնույն գանգատները, թե նրանք մատուցած ծառայությունները ոչ միայն չեն գնահատվում, այլ մինչև անգամ հարկավոր չեն համարում հաղորդել ի տեղեկություն թագավոր կայսրի և այլն։

«Դուք (Լազարյանը) ասում եք, թե ափսոսում եք և միանգամայն զարմանում եք, որ մեր անունները և մեր մատուցած ծառայությունները ոչ մի տեղ չեն հիշատակվում, և թե մեր աշխատությունները իզուր կորչում են։ Այդ հարցին մենք պատասխանում ենք, թե ահա հենց դրա մեջն է կայանում մեր ցավն ու դժբախտությունը. որովհետև մենք մինչև մեր արյան վերջին կաթիլը չենք խնայում մեր անձը ռուսաց հայրենիքի համար և միշտ աշխատում ենք, որ մեր ամենահավատարիմ հպատակության զգացմունքները հասնեին մինչև նորին կայսերական մեծության ամենաողորմած գահը, բայց ի՜նչ օգուտ, որ այդ բոլորը մնում է ծածկրված վարագույրի տակ…»։

Հետո իրանց նամակում ի միջի այլոց մելիքները խնդրում են 1-ին, որ թույլ տրվի նրանց հավաքել իրանց զանազան երկրներում ցրիվ եկած ժողովուրդը Ղարաբաղում, իրանց` մելիքների կառավարության ներքո. 2-րդ, որ նրանք ազատ լինեին խանի իշխանությունից և նրանց ժողովուրդը բաժանված լիներ թուրքերից, և խանի փոխարեն նշանակված լիներ մի ռուս աստիճանավոր. 3-րդ, որ մելիքներին տրվեր, որպես առաջուց խոստացել էին նրանց, նույնպիսի ամենաողորմած արտոնություններ, որպիսին վայելում էր Նախիջևան քաղաքը (Դոնի վրա), այսինքն, նրանց օրենքները և դատարանները հիմնված լինեին իրանց երկրի վաղեմի սովորությունների և ավանդությունների վրա։ Եվ եթե նրանց այսպիսի արտոնություն կտային, մելիքները խոստանում էին կազմել ավելի կանոնավոր զորքեր, օգնելու համար ռուսներին ամեն դեպքերում։ Բացի դրանից, խոստանում էին, որպես հարկ վճարել

  1. Այդ նամակին ստորադրել են 1. Վարանդայի տիրապետող պոդպոլկովնիկ Մելիք-Ջումշուդ Մելիք-Շահնազարյան։ 2. Ջրաբերդի տիրապետող Մելիք֊Ադամ Մելիք-Մեքլումյանը 3.Գյուլիստանի տիրապետող Մելիք-Բաղիր (հանգուցյալ Մելիք-Ֆրեյդունի եղբայրը) և Մելիք-Միրզախանյան 5. Տիզակի տիրապետող Մելիք Ղահրաման Մելիք-Ավանյան: