Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ռուսաց կառավարությանը յուրաքանչյուր տարի 4000 չետվերտ հաց և 4000 ոսկի փող։

Այդ նամակից երևում է, որ մելիքներն այժմ իրանց պահանջները բավական չափավորել էին. նրանք այլևս չէին մտածում Ղարաբաղի վաղեմի հայկական իշխանությունները վերականգնելու մասին, այլ պահանջում էին մի տեսակ ինքնավարություն, ռուսաց հովանավորության ներքո, խոստանում էին պահպանել իրանց երկիրը իրանց զորքերով, ամեն տարի վճարելով մի որոշյալ քանակությամբ հարկ։

Մելիքների զորության թուլանալու գլխավոր պատճառը պետք է որոնել նրանց հպատակների գաղթականության մեջ։ Սովը, ժանտախտը և զանազան քաղաքական հանգամանքներ նրանց ցիրուցան արեցին դեպի ամեն կողմեր։ Ամեն տեղ նրանց արեցին փայլուն խոստմունքներ և ամեն տեղ նրանք խաբվեցան իրանց հույսերի մեջ։

Կրկին ի մի վայր գումարել այդ ժողովուրդը, հայրենի հողի վրա, նրանց ոչ միայն թույլ չէին տալիս, այլ մինչև անգամ արգելում էին։ Այդ քաջ ժողովուրդն ավելի հարկավոր էին համարում այն երկրների պահպանության համար, ուր որ զետեղված էին։ Թեև Ղարաբադի գաղթականների մի մասը Վրաստանից տեղափոխվեցավ իր հայրենիքը, բայց դարձյալ դեռ բավական թվով մնացել էին այնտեղ։ Շամախու գավառը գաղթողներից դեռ ոչ ոք չէր վերադարձել։

Ամենակորստաբերն այն էր, որ գաղթականության պատճառով, Ղարաբաղի հայ ժողովրդի բացակայության ժամանակ, նրանց երկրները, գյուղերը, հողերը մնացին անտեր, դատարկ։ Այդ դեպքից օգուտ քաղելով, Շուշի բերդի Իբրահիմ-խանը և նրա հաջորդ Մեհտի-խանը գրավեցին մելիքների երկրները, և բնակեցրին մահմեդականներով։ Երբ Ղարաբաղի գաղթականների մի մասը կրկին վերադարձավ իր հայրենիքը, մելիքներին մեծ ջանք էր հարկավոր, որ կարողանային խաներից հետ խլել իրանց գյուղերն ու հողերը, և նոր բնակեցրած մահմեդականներին հեռացնելով, նրանց տեղը հաստատեին երկրի վաղեմի բնակիչներին — հայերին։ Ռուսաց նոր տիրապետությունն այդ ժամանակ դեռ այն աստիճան օրորվող դրության մեջ էր, որ ռուսները ոչ միայն ժամանակ չունեին, այլ մինչև անգամ հարկավոր չէին համարում մելիքների և խաների կալվածական վեճերի մեջ մտնեք, և այդ էր պատճառը, որ մելիքներից շատերը կորցրին իրանց ընդարձակ կալվածները,