Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կամ ձեռք բերեցին նրանց մի մասը միայն։ Ինչպես ասում են, խաների «խաթրին» այդ ժամանակ չէին ուզում դիպչել, իսկ հավատարիմ, քրիստոնյա մելիքներին շողոքորթելու հարկ չկար։


XLI

Մնում է մեզ մի քանի խոսք ասել Գյուլ-Յաթաղ բերդի Մելիք-Ալլահվերդյան Մելիք-Ռուստամի մասին, և մենք շուտով կվերջացնենք Խամսայի մելիքությունների հետ։

Ընթերցողը հիշում է, որ Մելիք-Ռուստամը Խամսայի տիրապետող մելիքների կարգից չէր, այլ Շուշի բերդի մահմեդական խաներին մատուցած ծառայությունների համար մելիքություն ստացավ։ Նա իր զորքերով օգնեց Իբրահիմ-խանին Գանձակի պաշարման ժամանակ և Մելիք-Մեջլումի սպանման պատճառը դարձավ (տե՛ս գլ. XXXIII)։ Նա Աղա-Մամադ-խանի սպանվելուց հետո օգնեց Իբրահիմ-խանին, և վերջինը կրկին Շուշի բերդի տերը դարձավ (տե՛ս գլ. XXXIV)։ Նա ուրիշ շատ ծառայություններ կատարեց Շուշի բերդի բռնակալի օգտին ի վնաս հայոց մելիքների,— այդ բոլորը իրանց տեղերում պատմել ենք։

Ղարաբաղի մելիքների վերջին գաղթականության ժամանակ Մելիք-Ռուստամը իր հայրենիքից չհեռացավ։ Նրա հարաբերությունները Շուշի բերդի Իբբահիմ-խանի հետ այնքան լավ էին, որ նա կարիք չուներ օտար երկրներում ապահովություն որոնելու։ Բայց մյուս կողմից նրան սպառնում էր մի վտանգ, այն էր Գանձակի Ջավադ-խանի վրեժխնդրությունը։

Ջավադ-խանը չէր կարող մոռանալ, որ նա Իբբահիմ-խանի հետ միանալով, պաշարեց իր բերդը, դավաճանությամբ իր աներ Ապրես-աղային մտցրեց բերդի մեջ, տեղային հայերին ապստամբեցրեց իր դեմ, Մելիք-Մեջլումին սպանել տվեց և այլն։

1799 թվին, այսինքն՝ Մելիք-Մեջլումի մահից երեք տարի հետո, Ջավադ-խանը հարմար ժամանակ գտավ Մելիք-Ռուստամից վրեժխնդիր լինելու։ Նա իր զորապետներից մեկի առաջնորդությամբ, որին կոչում էին Մըրղ-հաջի, որը ավելի հսկա էր, քան թե հասարակ մարդ, բազմաթիվ ասպատակներ է ուղարկում Մելիք-Ռուստամի երկիրը ավերակ դարձնելու և նրան գերի բերելու համար։ Մելիք-Ռուստամը այս լսելով, վեր է առնում իր ձիավորների խումբը և դուրս է գալիս թշնամու հանդեպ։ Մելիքի հետ է լինում