Մելիք-Րովշանն իր նախորդների նման բարեկամ չմնաց Շուշի բերդի խաներին և մասնակցում էր ռուսաց կռիվներին խաների դեմ։ Գանձակի պաշարման ժամանակ նա իր խումբով գտնվում էր իշ. Ցիցիանովի բանակի մեջ, և քաջությամբ կռվում էր Ջավադ-խանի դեմ, որի հետ ունեցած թշնամությունը, թե Մելիք-Ռուստամի սպանման պատճառով և թե առաջ, մեր ընթերցողներին հայտնի է։
Երբ իշ. Ցիցիանովը գրավեց Գանձակը, Մելիք-Րովշանը թողեց Ջրաբերդը և իր ընտանիքով տեղափոխվեցավ այդ քաղաքը, վայելում էր իշ. Ցիցիանովի առանձին համակրությունը։
Այնուհետև նա շատ ծառայություններ արեց ռուսաց զորքերին, թե նյութապես և թե իր քաջ ձիավորների խումբերով օգնելով նրանց։ Երբ պոլկովնիկ Կարյագինը, Շուշի բերդի մոտ ջարդվելով պարսից բազմաթիվ զորքերից, փախավ և ամրացավ Շահբուլաղի բերդի մեջ,[1] այստեղ նրա հրամանատարության ներքո հանձնված ռուսաց զորագունդը, ամեն կողմից պաշարված պարսից զորքերով, անպատճառ կոչնչանար քաղցածությունից, եթե Մելիք-Րովշանը նրանց օգնություն չհասցներ։ Նա իր ձիավորների խումբով պատռեց, անցավ պարսից զորքերի միջով, և Կարյագինի զորագնդին ուտեստի պաշար հասցրեց։
Այդ բոլորը այն աստիճան հռչակեցին Մելիք-Րովշանի անունը, որ ռուսները կամենում էին ուղարկել նրան իր ձիավորների հետ դեպի Կարսի կողմերը տաճկաց սահմանների վրա։ Երբ նա պատրաստվել էր գնալու, մի գիշեր Գանձակի կամուրջից անցնելու միջոցին, անհայտ ձեռից հրացանի մի գնդակ արձակվեցավ, և նա մեջքից վերք ստացավ։
Մելիք-Րովշանը ոչ ոքի վրա չէր կարող կասկածել, բացի Մելիք-Մեջլումի որդի փոքր Մելիք-Աթամից, որ այդ ժամանակ Գանձակումն էր գտնվում։ Հին տոհմային թշնամությունը նորից գրգռվեցավ երկու ոխերիմ ընտանիքների մեջ, որոնք, որպես տեսանք մեր պատմության ընթացքում, շատ չարիքներ էին գործել միմիյանց դեմ։ Մելիք-Րովշանը գանգատվեց և Գանձակի ռուս բերդապահը կալանավորեց փոքր Մելիք-Աթամին։ Բայց երբ ոչինչ չհաստատվեցավ, մի քանի օրից հետո Մելիք-Աթամին արձակեցին։ Այդ սաստիկ վիրավորեց Մելիք-Րովշանին, և նա բողոքեց ռուսաց բարձր կառավարությանը բերդապահի դեմ։ Վերջինս սատիկ
- ↑ Շահ-բուլաղի բերդը մի ամայի բերդ էր այդ ժամանակ, կառուցած Թառնագյուրտի(Տիգրանակերտի) հին ավերակների վրա։ Այդ բերդը շատ մոտ է Շուշի բերդին։