Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանդիմանություն ստացավ և մի քանի օր տնային բանտարկության ենթարկվեցավ։

Բայց երբ իշ. Ցիցիանովը Բաքվի մոտ սպանվեցավ, այնուհետև Մելիք֊Րովշանը կորցրեց իր պաշտպանին, և նրա հարաբերությունները Գանձակի բերդապահի հետ հետզհետե թշնամական դարձան։ Մելիք-Րովշանը մտածեց հեռանալ Գանձակից։ Նա իր հայրենիքը` Ջրաբերդ, գնալ չկարողացավ, որովհետև Շուշի բերդի Իբրահիմ-խանի հաջորդ Մեհտի-խանի հետ նույնպես լավ հարաբերությունների մեջ չէր։ Կարյագինի անցքի պատճառով, նա հրավիրել էր իր վրա Շուշի բերդի խաների ատելությունը, որոնք թեև ռուսներին առերես հպատակություն էին ցույց տալիս, բայց սրտով կապված էին պարսիկների հետ։

Իր անձնանվեր, բայց չվարձատրված ծառայությունների համար վշտացած, Մելիք-Րովշանը թողեց Գանձակը և գնաց Շաքի Գաշ֊բուլաղ գյուղը, որ հիմնել էր մի ժամանակ (տե՛ս գլ. XXVII) նրա հորեղբայր Մելիք-Ռուստամը, և այնտեղ առանձնացավ, իրան առժամանակ հեռու պահելով պատերազմի դաշտից։ Դաշ֊բուլաղում դեռ բնակվում էին Մելիք- Ռուստամի Ջրաբերդից տարած հայ գաղթականները։ Մելիք-Րովշանը նրանց իր հպատակության ներքո առեց և խաղաղ կյանք էր վարում։ Այնտեղ մի քանի տարուց հետո վախճանվեցավ նա, այն վերքի պատճառած հիվանդությունից, որ ստացել էր նա Գանձակի կամուրջի վրա։ Նա թողեց մի որդի Ալլահվերդի֊բեկ անունով, որը այդ տոհմի մեջ Մելիք-Ալլահվերդի II[1] էր, որի հետ այդ տոհմի մելիքությունը վերջացավ։

Խոսելով Կարյագինի անցքի մասին, մենք չենք կարող չհիշել մի քաջ տղամարդու անունը, որը նշանավոր եղավ ռուսաց զանազան կռիվների մեջ։ Դա էր կսապատցի Մելիք-Վանի Աթաբեկյանը:

Թեև Աթաբեկյանների հայոց հին ազնվականների ծագումից էին, բայց Վանիի հայրը, զարգար Թունին (Հարություն) մի հասարակ արհեստավոր էր, պարապվում էր ոսկերչությամբ: Վանի իր պատանեկության հասակում աշխատում էր հոր արհեստանուցում և նրա լավ օգնականն էր։ Բայց այդ զբաղմունքը շուտ ձանձրացրեց նրան, երբ Ղարաբաղում ամեն րոպե լսվում էր զենքի շառաչյունի ձայնը, որոտում էր պատերազմների աղմուկը,— նրա տոհմային արյունը եռ եկավ, մտածեց թողնել ոսկերչի փուքս ու մուրճը, վճռեց զենք կրել և նետվել կռվի դաշտը։ Նա առան

  1. Մելիք-Ալլահվերդի II մնացին երեք որդիներ` Միսայել֊բեկ, Ղահրաման բեկ և Մեջլում-բեկ: