նելով պատերազմի դաշտի վրա, պատրաստվում էին փախչել, երբ նրանց օգնության հասավ ինքը Աբաս-Միրզան ավելի բազմաթիվ զորքերով։ Վանի յուզրբաշու հեծելախումբը և ռուսաց զինվորները մի քանի օր քաջությամբ պաշտպանվում էին, բայց ի՞նչ կարող էր անել մի բուռն զորք Աբաս-Միրզայի ահագին բազմության դեմ։ Կարյագինը վերք ստացավ. նրա զինվորներից կեսը չմնաց, մեծ մասն ընկան կռիվի դաշտում, մնացածները ամրացան մերձակա Շահ-բուլաղի ամայի բերդում[1]։
Ռուսաց զորքը բոլորովին կոչնչանար այդ ամայի բերդի մեջ, թե քաղցածությունից և թե թշնամու կրակից, եթե ութն օրվա սարսափելի պաշարումից հետո Վանի յուզբաշին նրանց գիշերով դուրս չբերեր այնտեղից և չազատեր բոլորին, փախցնելով հայոց Մոխրաթաղ գյուղը։ Այստեղ նա իր սեփական ծախքով բավական ժամանակ պահեց և կերակրեց ռուսաց զորքերին, մինչև նրանք նոր օգնություն ստացան, և Աբաս-Միրզայի ահագին զորությունը ցրիվ տալով հալածեցին մինչև Երասխ գետի աջ կողմը։ Այդ կռիվների ժամանակ մեծ քաջություններ գործեցին Մելիք-Ջումշուդը, Մելիք-Րովշանը և Վանի յուզբաշին։
Այնուհետև Վանի յուզբաշին իր սեփական հեծելախումբով մասնակցում էր ռուսաց զանազան կռիվների մեջ և ամեն տեղ հայտնվում էր իր զարմանալի քաջություններով։ 1812 թվի ձմեռը Աբաս-Միրզան զորքերի ահագին բազմությամբ կրկին անգամ հարձակվեցավ Ղարաբաղի վրա։ Այդ ժամանակ ռուսաց տրոիցկի պոլկի բատալիոնը, մայոր Ժինեի զորապետության ներքո, գտնվում էր Թարթար գետի մոտ, Սուլթա-բուդ կոչված ձմեռանոցում։ Պարսից հեծելազորները Ջաֆար-Ղուլի-խանի[2] առաջնորդությամբ հարձակվում են հիշյալ ձմեռանոցի վրա և ռուսաց ամբողջ բատալիոնը ջարդում են։ Այդ միջոցին Շուշի բերդից օգնություն ուղարկեցին Վանի յուզբաշուն 200 ռուս զինվորներով, 2 թնդանոթներով և իր սեփական հայ ձիավորներով։ Բայց մինչև նրա հասնելը պարսիկները գործը արդեն վերջացրել էին։ Վանի յուզբաշին այդ տեղեկությունը ստացավ կես ճանապարհի վրա, այն ժամանակ, երբ պարսիկները վերադառնում էին կոտորածից և պատահեցան նրան։