Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առանձնությունները բովանդակվում են միմիայն եկեղեցու մեջ,— խլեցիր նրանից եկեղեցին, փոխեցիր նրա կրոնը,— ազգությունը այն ժամանակ կքայքայվի։ Մի այսպիսի կարծիք կարող են ունենալ հայ ազգի մասին տգետները միայն, որոնք խիստ նեղ և սահմանափակ հայացքով են նայում ազգային խնդրի վրա։

Եթե իսկապես հայը զրկված է իր ազգային լեզվից, զրկված է իր հայրենիքից, կորցրել է իր ցեղական առանձնությունները և պահպանվում է միմիայն եկեղեցու գրկում, այն ժամանակ նրան ազգ պետք չէ համարել, այլ պետք է համարել մի կրոնական աղանդ, որ մեռած է նույնիսկ եկեղեցու մեջ, որի մեջ ապաստան է գտել։ Մի այսպիսի ազգի համար չարժե աշխատել, չարժե մտածել անգամ, որովհետև նա կքայքայվի, կլուծվի և կանհետանա զանազան ազգությունների մեջ, երբ իր պաշտպանության համար ուրիշ հիմք չունի, բացի կրոնը։

Բայց մեր հավատը մեծ է հայ ազգության վրա, մենք հավատում ենք, որ նա ունի հարուստ կլասիկական և կենդանի, նոր գրականական լեզու. մենք հավատում ենք, որ նա ունի իր պատմական հայրենիքը և տակավին բնակվում է իր հայրերի հողի վրա. մենք հավատում ենք, որ նա ունի իր որոշ ցեղական հատկությունները, որ դարերի ընթացքում չեն փոխվել, և վերջապես, մենք հավատում ենք, որ նա ունի իր հատուկ ազգային եկեղեցին։

Լեզու, հայրենիք, եկեղեցի, ցեղական առանձնություններ, — ահա այն գլխավոր հիմունքները, որոնցով, հավատացած ենք, կպահպանվի մեր ազգությունը։ Հարկավոր են և ուրիշ մի քանի պայմաններ, այդ, իհարկե, մեզանից ամեն մեկը հասկանում է,— դրանց մասին ոչ կարող ենք և ոչ պետք ենք համարում խոսել։

«Մշակը» «Տարրական մտքեր» վերնագրով առաջնորդող հոդվածների մեջ արդեն բացատրեց այն հարցերը, թե մի ազգի պահպանության համար ինչ դեր են խաղում կրոնը, լեզուն և հայրենիքը,— և թե դրանցից յուրաքանչյուրը որքան և ինչ չափով են նպաստում ազգի գոյության պահպանվելուն, երբ զանազան հանգամանքների պատճառով մինը կամ մյուսը փոփոխության են ենթարկվում։ Մենք այսքանը բավական համարելով, հարկավոր ենք տեսնում կրկին վերադառնալ այն հարցին, թե ի՞նչ շահ ունենք անդադար կրկնելով միևնույն հին երգը, թե լուսավորչական եկեղեցին մեր ազգի միակ հիմքն է, թե այդ եկեղեցուց դուրս ոչ փրկություն կա և ոչ հայություն, թե բողոքական, կաթոլիկ, հունադավան և մահմեդական հայերը, եթե կամենում են մեզ հետ