Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իբրահիմ-խանի հաջորդ Մեհտի֊խանի պաշտպանությանը, իրան բոլորովին էջմիածնից անկախ հայտնեց։ Այդ երկպառակությունները տևեցին երեք տարի, մինչև 1815 թվին էջմիածնի բարձր հոգևոր կառավարությունը, ռուսաց իշխանության ուժով, հարկադրեց Սարգսին հրաժարվել կաթողիկոսության տիտղոսից և տվեց նրան միտրոպոլիտության տիտղոս արքեպիսկոպոսի աստիճանով։ Այնուհետև վերջացավ Աղվանից կաթողիկոսությունը, որ սկսված էր Լուսավորիչի թոռ Գրիգորիսի ժամանակից։

Դեռ իր կենդանության ժամանակ Սարգիս միտրոպոլիտը իր եղբորորդի Բաղդասար վարդապետին ուղարկեց էջմիածին, որ եպիսկոպոս ձեռնադրվի, որպեսզի իր հաջորդը նա լինի։ Որպես Աղվանից կաթողիկոսությունը դարերով շարունակվում էր Հասան-Ջալալյանների տոհմի մեջ, Սարգիսը ցանկանում էր, որ Աղվանից միտրոպոլիտությունը ևս, որը իրանից սկսվեցավ, նույնպես շարունակվեր նույն տոհմի մեջ։

Բաղդասարը էջմիածին գնալով, 1820 թվին Եփրեմ կաթողիկոսի ձեռքով եպիսկոպոս ձեռնադրվեցավ, և վերադառնալով Գանձասարի վանքը, Սարգսի ծերության պատճառով, համարյա ինքն էր կառավարում վիճակի հոգևոր իշխանությունը։

1826 թվին Ղարաբաղը ենթարկվեցավ մի նոր դժբախտության. պարսից թագաժառանգ Աբաս-Միրզան 80,000 հոգով անցավ Երասխը, տիրեց Ղարաբաղին. տեղային մահմեդականները միացան պարսիկների հետ. Շուշիի բերդապահ պոլկովնիկ Րեուտը, ռուսաց փոքրաթիվ զորքերով մնաց փակված բերդի մեջ։ Աբաս-Միրզան 48 օր պաշարված դրության մեջ պահեց բերդը։ Միևնույն ժամանակ Ֆաթալի-շահի փեսա Ամիր֊խան սարդարը և Աբաս-Միրզայի երեց որդի Մահմուգ֊Միրզան, զորքերի ահագին բազմությամբ, անցան Գանձակի գավառը, տիրեցին Գանձակի բերդին, և այնտեղից առաջացան մինչև Շամքոր, պատրաստվում էին գնալու, որ Թիֆլիսը տիրեն։ Երկրի քրիստոնյա ազգաբնակությունը գտնվում էր սարսափի և մահվան տագնապի մեջ։

Մեր պատմության հետագա գլուխներում ցույց կտանք, թե որպես հայազգի իշխան գեներալ Մադաթովի փառավոր հաղթություններով պարսիկները ջարդվեցան, և կրկին փախան դեպի Պարսկաստան,— իսկ այժմ կասենք այնքանը միայն, որ վերաբերում է Սարգիս միտրոպոլիտին։

Հայերին սպասում էր ընդհանուր կոտորած։ Սարսափած ժողովուրդը, ամեն ինչ թողած ցրիվ էր եկել, թաքնվել էր լեռնեցիր