ծառայությունների հետ որ նա կատարեց վանքապատկան կալվածքները կորզելով զանազան հափշտակիչների ձեռքից,— այդ թուլությունները կրկնում ենք, պետք է ներելի համարել…
Ղարաբաղի վանքապատկան կալվածքների վերաբերությամբ ավելի անազնիվ կերպով վարվեցավ Իսրայել կաթողիկոսը, Սարգիս կաթողիկոսի (հետո միտրոպոլիտի) ժամանակակիցը։ Չմոռանանք, որ այդ Իսրայել կաթողիկոսը Իբրահիմ-խանի սիրելին, հայոց մելիքների մատնիչը Գանձասարի վանքի Հասան-Ջալալյան կաթողիկոսների տոհմից չէր, այլ Երիցմանկաց վանքի ինքնիշխան և հակաթոռ կաթողիկոսներից մեկն էր։ Գուցե ընթերցողը հիշում է, որ Ղարաբաղի մելիքների և Սարգիս կաթողիկոսի Վրաստան գաղթած ժամանակ Իբրահիմ-խանի պաշտպանությամբ այդ Իսրայելն էր վարում Աղվանից կաթողիկոսության իշխանությունը։ Այդ դավաճանը վախճանվեցավ իր ազգականներից մեկի տանը, որի մռայլոտ անունը հիշելու ցանկությունը չունենք։ Նույն տան մեջ կաթողիկոսը հավաքած ուներ Ղարաբաղի մի քանի հարուստ վանքերի արծաթեղեն անթոները, սրբությունները և թանկանգին զգեստները։ Կաթողիկոսի վախճանվելուց հետո այդ բոլորը մնացին որպես սեփականություն նրա ազգականի։ Դա մի մեծ կորուստ չէր լինի, եթե նույն տան մեջ չմնային և զանազան վանքերի կալվածագրերը։
Եթե Բաղդասար միտրոպոլիտին չհաջողվեցավ ձեռք բերել Ղարաբաղի վանքապատկան բոլոր կալվածքները, դրա գլխավոր պատճառներից մեկն էլ այն էր որ կալվածագրերը մնացել էին նույն մարդու մոտ, որի տանը վախճանվեցավ Իսյարել կաթողիկոսը։ Այդ պարոնը զանազան զարտուղի և մթին ճանապարհներով կամ ինքը տեր եղավ նույն կալվածքներին և կամ թույլ տվեց, որ թուրքերը տիրեն, ծածուկ նրանցից փողեր ստանալով և վանքային կալվածագրերը ոչնչացնելով, որ իր գողությունը չհայտնվի։
Բաղդասար միտրոպոլիտը սկզբում ուշադրություն դարձրեց Խաչենի գավառում գտնվող և Գանձասարի վանքին պատկանող կալվածները թափել հափշտակողների ձեռքից։ Այդ կալվածները այնքան լայնատարած էին, որ նրանց վրա զետեղված էին 60-ի չափ վանքապատական գյուղեր, իրանց հարուստ անտառներով, արգավանդ վարելահողերով և արոտատեղիներով։ Բայց նա կարողացավ միայն 30,000 դեսյատինի չափ կրկին սեփականացնել վանքին, իսկ մնացյալ մեծ մասը մնաց վիճելի։