Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բաղդասար միտրոպոլիտի օգտավետ աշխատությունների թվում կարելի է հիշել նրա 1843 թվին կառուցած հոյակապ առաջնորդարանը, որր Շուշի բերդի փառավոր տներից մեկը կարելի է համարել: Նույն առաջնորդարանին կից գնեց նա ընդարձակ գետին, որի վրա դիտավորություն ուներ իր արդեն բաց արած հոգևոր դպրոցի համար առանձին շենք կառուցանել, բայց վաղահաս մահը միտրոպոլիտի այդ ձեռնարկությունը թողեց անկատար[1]։

Բաղդասար միտրոպոլիտի աշխատություններից մեկն էլ այն եղավ, որ թուրքերի և ռուսների ձեռքից ազատեց Ամարասա սուրբ Գրիգորիսի վանքը։ Այդ վանքը բավական ժամանակ անտեր մնալով, թուրքերը գրավել էին, և տալով նրան իրանց հասկանալի մի անուն, Աղաօղլան[2], համարում էին իրանց սրբավայր։ Վանքի շրջակա հողերը և Ամարասա ձորի ամբողջ կախածները թուրքերի տիրապետության ներքո էին։ Իսկ վանքի ընդարձակ սենյակները և ամբողջ շինությունը, բացի տաճարից, ռուսները ծառայեցնում էին որպես մաքսատուն։

Միտրոպոլիտի աշխատությամբ 1848 թվին, ռուսաց կառավարության հրամանով մաքսատունը տեղափոխվեցավ Երասխի ափի մոտ, Ջաբրայելում, իսկ վանքը իր կալվածներով դարձավ սեփականություն հայոց հոգևոր կառավարության։

Բացի հոգևոր դպրոցից, Բաղդասար միտրոպոլիտը հիմնեց Շուշի բերդում տպարան, որի մամուլները և տառերը գնեց նա Ղարաբաղում այն ժամանակ գտնված գերմանացի միսիոներներից, երբ նրանց ռուսաց կառավարության հրամանով հեռացրին Ղարաբաղից։ Նա բավական նշանավոր գումար ուղարկեց Վենետի-խանի Խուրշիտ անունով դստեր ձեռքը, մի մասին տիրեց գեներալ Հասան-բեկ Աղալարովը, մի մասը անցավ ուրիշ բեգերի ձեռքը, մի մասը ևս անտեր, անխնամ մնալով, տիրեցին կամ մասնավոր անձինք և կամ արքունի գանձարանը։ Այժմ զուտ անվիճելի կալվածքը Խռթա վանքի տիրապետության ներքո մնացել է մոտ 100,000 դեսյատին, իսկ մնացյալ կեսը վիճելի է, և այդ մի քանի տարի հոգեհոր կառավարությունը սկսել է նորից դատ վարել, գուցե հետ դարձնե իր կորուստը:

  1. 1872 թվին Սարգիս արքեպիսկոպոս Հասան Ջալալյանը ավարտեց դպրոցի շենքը և առաջնորդարանի շինությունը ավելի ընդարձակվեց։ Այն օրից այդ տան մեջ զետեդվեցան Շուշիի թեմական դպրթցը, առաջնորդարանը և կոնսիստորիան։
  2. Աղա-օղլանան նշանակում է սպիտակ տղա։ Ամարասա վանքում ամփոփված էր Լուսավորչի թոռ Գրիգորիսի մարմինը, որը իր մանկության հասակում կաթողիկոս ձեռնադրվեցավ: Երևի, հենց դրա համար այլազգիք նրան կոչեցին սպիտակ տղա»