Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միանալ, պետք է կրկին վերադառնան դեպի իրենց մայրենի եկեղեցին, և այլ այսպիսի ցնդաբանություններ։

Այսպես կարող են մտածել այն մարդիկը միայն, որոնք չգիտեն մեր ազգի այժմյան վիճակը և տեղյակ չեն նրա ժամանակակից պահանջներին։ Եվ ցավալին այն է, որ այսպես երկար ժամանակ մտածում էին մեր ազգի առաջնորդները։ Պետք էր մի զորեղ դեպք, մի պատմական շոշափելի անհրաժեշտություն, որ դուրս բերեր մեր ժողովրդի առաջնորդներին հիշյալ մոլորություններից, ցույց տալ, թե որքան անհիմն են նրանք։ Բարեբախտարար այդ դեպքը տեղի ունեցավ։ Քրիստոնյաների ազատության անունով ծագեց ռուս-թուրքական պատերազմը, և հայերը կարմիր արյան փոխարեն սև մելանը գործածելով, ստացան Սան—Ստեֆանոյի 16 և Բեռլինի ավադաժողովի 61—րդ հոդվածները։ Վերջին հոդվածի տրամադրության համեմատ, Թուրքիան պարտավորվում էր վերանորոգություններ մտցնել իր պետության «հայերով» բնակեցրած գավառների մեջ։ Այստեղից ինքնըստինքյան ծագեց մի հարց.— ովքե՞ր են հայերը։

Մեր հին ազգասերների կարծիքով հայեր միայն լուսավորչականներն էին, և Թուրքիան բարվոք համարեց այսպես ընդունել, հաշվեց լուսավորչականների թիվը, այն ևս փոքրացնելով և պատասխանեց Եվրոպային, թև իմ պետության մեջ հայերը այնքան չնչին փոքրամասնություն են կազմում, որ չարժե մինչև անգամ նրանց համար առանձին վերանորոգություններ անել։ Պատասխանը, կրոնական կետից, մասամբ ճիշտ էր, և մեզանից ոչ ոք իրավունք չունի մեղադրել Թուրքիային, երբ նա օգուտ է քաղում մեր տգիտությունից, երբ նա կրկնում է միևնույնը, ինչ որ մենք ենք ասում, թե բացի լուսավորչականներից ուրիշ հայ չկա։

«Մշակը» նախատեսում էր այդ բոլորը նա գիտեր, թե որպիսի կորստաբեր հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի վերանորոգության մասին, երբ մենք կշարունակենք անդադար կրկնել, թե լուսավորչական եկեղեցուց դուրս հայություն չկա։ Եվ այդ իսկ պատճառով «Մշակը» բարձրացրեց կրոնի և ազգության խնդիրը.

Բեռլինի ավագաժողովի 61—րդ հոդվածը տվեց հայերին երկու արտոնություն։ Առաջինը, որ Հայաստանում պետք է վերանորոգություններ մտցվեին, երկրորդ, որ հայերը կրոնական համայնքից Եվրոպայի առջև ճանաչվեցան որպես ազգ:

3 Րաֆֆի, Երկերի ժողովածու, հ. X