Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(Ասկարանի մոտ), որ մինչև այսօր ծառայում է նրա ժառանգների համար իբրև տոհմային գերեզմանատուն։

Փանահ-խանի որդի Իբրահիմ-խանը, որ ավելի զորավոր եղավ, քան թե իր հայրը, նույնպես զուրկ էր կալվածքներից. Ղարաբաղում հողեր չուներ նա, թեև համարվում էր այդ գավառի իշխող խանը։ Իր ժառանգների և եղբայրների ապրուստը ապահովացնելու համար, Ղարաբաղի սահմաններից դուրս, Բարդայի մահալաում, գնեց նա կալվածներ Նուխվա բեկերից։ Այդ բոլորից երևում է, որ խաները ոչ թե երկրի տերն էին, այլ երկրի կառավարիչներն էին, նշանակված պարսից պետությունից։

Երկրի արմատական տերը հայոց հինգ մելիքական տների ներկայացուցիչներն էին, որոնք դարերով, սերունդից սրունդ, ժառանգաբար տիրում էին Ղարաբաղին։

Երբ հայոց մելիքները իրենց հպատակների հետ, որպես ցույց տվեցինք նախընթաց գլուխներում, գաղթեցին Վրաստանի, Շիրվանի և Գանձակի գավառները, այդ ժամանակ նրանց հողերը ու գյուղերը անտեր ու դատարկ մնալով, իրավ է, Իբրահիմ-խանը տիրապետեց, և գաղթածների տեղը լցրեց մահմեդական բնակիչներով։ Բայց երբ, տարիներից հետո, մելիքները իրենց ժողովրդի հետ վերադարձան գաղթականությունից, այդ ժամանակ հեռացրեցին մահմեդականերին և կրկին այդ ժամանակ տեր եղան իրենց վաղեմի գյուղերին և հողերին։

Բայց, որովհետև գաղթականների մի մասը մնաց օտար երկրներում, և մելիքներից մի քանիսին (որպես էին Ջրաբերդի Մելիք-Իսրայելյաները և Տիզակի Մելիք-Ավանյաները) վերջին ժառանգները բոլորովին ոչնչացան, այդ պատճառով, նրանց հողերը անտեր մնացին, Իբրահիմ-խանը տիրեց, այսինքն, սկսեց ինքն ստանալ մշակության բերքի այն մասը, որ առաջ ստանում էին այն հողերի նախկին տիրապետողները։ Բայց իսկապես Իբրահիմ-խանը միայն վայելող էր, և ոչ թե սեփականատեր իր ընդարձակ նշանակությամբ։ Նա բացի բերքի մի որոշ մասը ստանալուց, ուրիշ իրավունքներ չուներ ոչ հողի և ոչ հողը մշակող գյուղացիների վրա։ Գյուղացիները ազատ հպատակները էին պետության, իսկ հողը սեփականություն էր գյուղական համայնքի նույն ձևով, որպես ցույց տվինք վերևում։

Իբրահիմ-խանի հաջորդ Մեհտի-խանի ժամանակ հանգամանքները փոխվեցան։ Այդ ժամանակ ռուսները թեև տիրել էին Ղարաբաղին, բայց կալվածական հարցը, և խաների իրավունքնե-