Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ավեստարանոց) բերդը, որի մեջ զետեղված էին Մելիք-Շահնազարյանների ամրոցները, այնտեղ էին` Մելիք֊Հուսեին I Մելիք-Բաղիի և Մելիք-Շահնազար II պալատները։ Իշխան Մադաթովը այդ վերջինի պալատը քանդել տվեց և նրա տեղում իր համար մի նոր պալատ հիմնեց։ Երբ նրանից հարցրին, ինչո՞ւ եք քանդել տալիս, նա ծիծաղելով պատասխանեց. «Երբ Մելիք֊Շահնազարը այդ պալատը շինել էր տալիս, ես դեռ մանուկ էի. նա ինձ շատ քարեր է կրել տվել այդ պալատի շինվածքի համար, մինչև այսօր էլ այն ցավը զգում եմ մեջքիս վրա…»։

Մեհտի-խանի պարգևագրի բովանդակությունը, որով հիշյալ 15 գյուղերը ընծայվեցան իշխան Մադաթովին, ինքնըստինքյան ցույց է տալիս այդ պարգևագրի ինչ բնավորությամբ հեղինակված լինելը։ Խանը իր պարգևագրի մեջ հայտնում է, որովհետև իշխան Մադաթովի նախնիքը վաղեմի ժամանակներից Ղարաբաղում տիրապետում էին հիշյալ 15 գյուղերին իրանց ընդարձակ սահմաններով, իսկ իշխանի բացակայության ժամանակ այդ կալվածքները խլվեցան (ո՞վքեր խլեցին), ուստի ինքը` խանը, այդ գյուղերը կրկին վերադարձնում է իշխանին, որպես իր նախնիքների օրինավոր ժառանգին և այլն։

Իսկ ովքե՞ր էին նրա նախնիքը,— հայտնի է։ Ունեի՞ն արդյոք նրանք կալվածներ,— այն ևս հայտնի է...

Թե ո՛ր աստիճան իշխան Մադաթովի մատը գործել էր այդ պարգևագրի խմբագրության մեջ, հայտնի է նրանից, որ իշխանը ստացավ այդ գյուղերն իրանց բնակիչների հետ ճորտության իրավունքներով։ Ճորտությունը թե պարսկական և թե տաճկական Հայաստանում երբեք գոյություն չէ ունեցել:

Իշխանը թեև ծնված էր Ղարաբաղում, բայց իր կրթությունը ստացած լինելով ռուսաց մայրաքաղաքների բարձր ազնվական շրջաններում, նույն ժամանակվա արիստոկրատիայի ոգվով էլ զարգացած էր։ Ռուսաստանում այն ժամանակ ճորտություն կար. իսկ ճորտությունը նրա համար մի անհրաժեշտություն էր նույնը ցանկացավ մտցնել իրան ընծայված գյուղերի մեջ։

Հասկանալի է, որ մի այսպիսի օտարոտի, միևնույն ժամանակ անմարդասեր նորաձևությունը պիտի գրգռեր նրա դեմ գյուղացիների դժգոհությունր մի կողմից, իսկ Մելիք-Շահնազարյանների ժառանգների բողոքը մյուս կողմից, որովհետև հիշյալ կալվածները նրանց տոհմին էին պատկանում: