Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այց ամենավնասակարն այն էր, որ իշխան Մադաթովի վարմունքը թուլացրեց Ղարաբաղի բոլոր տիրապետող մելիքների ժառանգական իրավունքները և դրա հակառակ բարձրացրեց խանի նշանակությունը։

Երբ որ նա խանի պարգևագրով ընծա ստացավ 15 գյուղեր, շատ հասկանալի է, որ այդ պարգևագիրը վավերական դարձնելու համար, ինքը, իբրև տեղային նահանգային֊զինվորական գլխավոր, որ կարգված էր խանի գործողությունների վրա հսկելու համար, ոչ միայն ստիպված էր ճանաչելու խանի մեջ բախշելու և ընծայելու իրավունքը, այլ պիտի աշխատեր այդ իրավունքը ճանաչել տալ և ռուսաց կառավարությանը, որը դեռևս տեղային գործերի հետ լավ ծանոթ չէր: Մյուս կողմից, նա պիտի աշխատեր ոչնչացնել մելիքների տիրապետական իրավունքները, երկրի տեր և իշխանը ցույց տալով միայն խանին։ Այսպես էլ վարվեց նա:

Դրա հետևանքն այն եղավ, որ Մեհտի-խանը սկսեց Ղարաբաղի բուն, արմատական կալվածատերերին (որպես էին հայոց մելիքները, վանքերը և հայ ժողովուրդը) զրկել և նրանց հողերը աջ և ձախ բաժանել իր ազգականներին և մերձավորներին: Հայոց մելիքներից այդ ժամանակ նշանավոր մարդիկ չէին մնացել, որ կարողանային խանի զեղծումների մասին բողոքել, տեղեկություններ տալ, ուր որ հարկն էր։ Իսկ իշխան Մադաթովը, որպես ասում են, մատների միջից էր նայում խանի անկարգությունների վրա, և թույլ էր տալիս նրան բախշումներ անել, պարգևներ տալ, որպեսզի իր ստացածը ևս օրինական ձև ստանա, այսինքն` խանի մեջ հաստատվի ընծայելու, պարգևելու իրավունքը։

Ով որ ուշի֊ուշով քննել է Ղարաբաղի խոշոր կամ մանր կալվածատերերի ձեռքում գտնված թղթերը, անպատճառ նկատած կլինի, որ այդ թղթերը, խիստ մասնավոր բացատրությամբ, գրված են Մեհտի֊խանի ժամանակներում և վավերացրած են նրա կնիքով։ Իսկ Մեհտի֊խանի նախորդների` Փանահ֊խանի և Իբրահիմ-խանի ժամանակներից, որոնք ավելի զորավոր մարդիկ էին, որոնք մի ժամանակ ամբողջ Ղարաբաղը իրանց իշխանության ներքո ունեին, այդ խաներից տված խիստ հազիվ են գտնվում այնպիի թղթեր, որ դրանք որևիցե մեկին գյուղ կամ մի մեծ կալվածք ընծայած լինեին։

Այդ առատ բաշխումները կատարվեցան Մեհտի-խանի ժամանակ, երբ ռուսները տիրել էին Ղարաբաղին և երբ իշխան Մադաթովը կարգված էր տեղային նահանգային՝ զինվորական