Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և նրան հանձնված էր հսկել խանի գործողությունների վրա։

Թե որպիսի մարդիկ էին ստանում գյուղեր, ընդարձակ կալվածներ, մենք կբերենք մի քանի օրինակներ.

Ֆարաջուլլայ֊բեկ, Ռահիմ-բեկ, Իբրահիմ-բեկ և Հասան-բեկ եղրայրները ստացան Մեհտի-խանից 8 գյուղեր։ Դրանց հայրը (Ուղուրլուն) Մեհտի֊խանի հոր մոտ դահճի պաշտոն էր կատարում։

Մեհտի֊խանի ղաթրչի (ջորեպան) Մուրադի որդիքը՝ Վալի-բեկ և Թայիր-բեկ նույնպես ստացան մի քանի գյուղեր։

Տեղ անունով հայաբնակ գյուղը, որը մի քանի հարյուր տուն բնակիչ ունի, պատկանում էր հայազգի Մելիք-Գեորգին։ Այդ գյուղից մի հասարակ հայ մշակ տարել էին Շուշի բերդի պարիսպների վրա բանեցնելու, որովհետև նրան շատ էին աշխատեցնում, նա բարկությունից մահմեդականություն ընդունեց և կոչվեցավ Ղասմ։ Այդ Ղասմի որդի Ռոստոմ-բեկը դարձավ Մեհտի֊խանի տան նազիրը (տնտեսը), իսկ վերջինի որդի Ասատ֊բեկը խանից պարգև ստացավ Տեղ գյուղը։

Պատմում են, երբ. Մեհտի-խանի եղբորորդի Ջաֆար֊Ղուլի-խանը նկատեց, որ նա Ղարաբաղի գյուղերը այսպես առատությամբ բաժան֊բաժան է անում, ինքն ևս 12 գյուղերի ցուցակ կազմեց, և որովհետև իր հարաբերությունները իր հորեղբոր հետ լավ չէին, վերոհիշյալ նազիր Ռոստոմ֊բեկի միջնորդությամբ ներկայացրեց Մեհտի-խանին, խնդրելով, որ իր անունով հաստատե ցույց տված գյուղերը։ Ռոստոմ-բեկը 12 գյուղերի պարգևագիրը գրել տվեց, և խանի կնիքով վավերացնելով, հանձնեց Ջաֆար–խանին։ Իսկ այդ վերջինը, մի քանի օրից հետո փոշմանեց, ինչո՞ւ հայոց Խնածակ գյուղը ևս չէ մտցրել այն ցուցակի մեջ, որովհետև այդ գյուղը Շուշի բերդին բավական մոտ էր և կարելի էր իր համար լավ ամառանոց լինել։ Նա կրկին դիմում է նազիր Ռոստոմ-բեկի միջնորդությանը։ Նազիրը, պարսից սովորության համեմատ, խանի պարգևագիր լուսանցքի (հաշիա) վրա ավելացնում է Խնածակ գյուղի անունը և ներկայացնում է կնքելու։ Բայց Մեհտի-խանը զարմանում է, նա բնավ չէ հիշում, որ մի այդպիսի պարգևագիր տված լիներ իր եղբորորդուն, որին սաստիկ ատում էր։ Նա փոխանակ կնքելու, թուղթը պատռում է և մի կողմ է ձգում։ Տանից դուրս է գալիս, որ սկզբում այդ թուղթը խանին վավերացնել էին տվել այն րոպեների մեջ, երբ նա բնական դրության մեջ չէր գտնվում…