Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեհտի֊խանը սովորություն ուներ սաստիկ մեծ քանակությամբ ռոմ գործ ածելու և խիստ հազիվ էր պատահում, որ նա զգաստ դրության մեջ գտնվեր։

Եվ այսպես Մեհտի֊խանի ազգականները, ջորեպանները, ախոռապանները և այլ մերձավորները, «բեկ» տիտղոս ստանալով, միևնույն ժամանակ ստացան գյուղեր, ընդարձակ հողեր և այլն։ Իսկ այդ բոլորը խլվեցան հայոց մելիքների սեփականությունից։

Բայց այդ անկարգությունները երկար շարունակվել չէին կարող։ Ամենքը գիտեին, որ ռուսաց կառավարությունը վերջ ի վերջո կհասկանար այդ զեղծումները և խանի կամայականությանը սահման կդներ։

Միևնույն ժամանակ գիտեին և այն, որ մշտական արբեցության մեջ գտնվող Մեհտի֊խանը խիստ վատ հիշողություն ունի. նա իր երեկվա ասած խոսքը, տված թուղթը կարող է այսօր մերժել։ Այդ էր պատճառը, որ խանի դրությունից օգուտ քաղողները աշխատեցին մի կերպով հեռացնել նրան Ղարաբաղից, որպեսզի նրանից ստացած թղթերը պահպանեն իրանց նշանակությունը։

Մեհտի֊խանը բավական երկչոտ մարդ էր։ Ամեն կողմից սկսեցին վախեցնել նրան, թե ռուսները դիտավորություն ունեն նրան սպանել տալու, Սիբիր ուղարկելու և այլն։ Ասում են, թե ինքը իշխան Մադաթովը նույնպես կողմնակի կերպով նպաստում էր խանի անվստահությանը։

1822 թվին Մեհտի֊խանը փախավ Պարսկաստան[1]։ Բայց նրա փախուստը ճանապարհ բաց արեց պարսից թագաժառանգ Աբաս-Միրզայի 1826 թվի մի նոր արշավանքին դեպի Ղարաբաղի և Գանձակի կողմերը, որը ռուսներին բավական հոգսեր պատճառեց, և որի ժամանակ հայերը դարձյալ ցույց տվին իրանց անձնանվիրությունը։


XLIV

1826 թվի ամառը պարսից թագաժառանգ Աբաս֊Միրզան 80,000 զինվորներով դարձյալ անցավ Երասխ գետը։ Ֆաթալի-շահի անձնավստահ որդին, որը առաջին փորձն էր արել իր զորքերի մեջ մտցնելու եվրոպական կրթություն, որը նպատակ էր դրել

  1. Պատմում են, որ խանի փախուստը այն աստիճան շտապով կատարվեցավ, որ կնիքը մոռացությամբ թողեց իր քարտուղար Միրզա֊Ջամալի մոտ. և խանի բացակայությունից հետո այդ կնիքը երկար ժամանակ գործ էր ածվում…