Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուղարկեց նա դեպի Գանձակի գավառը, որոնք տիրեցին Գանձակի բերդին, բոլորովին ոչնչացրին մերձակա գերմանական կալոնիաները, առաջացան մինչև Շամքորի գետը, այնտեղից պատրաստվում էին գնալ Թիֆլիսը տիրելու համար։

Ամբողջ անդրկովկասյան քրիստոնյաները գտնվում էին սարսափի մեջ. բոլորը սպասում էին, որ Աղա֊Մամադ֊խանի բարբարոսությունները պետք է կրկնվեն։ Տեղային մահմեդականությունը մեծ հուզմունքի մեջ էր, բոլորը պատրաստված էին միանալու պարսիկների հետ, ռուսներին ջարդելու համար և պարսկական իշխանությունը կրկին Անդրկովկասում վերականդնելու համար։

Իշխան Մադաթովը այդ ժամանակ գտնվում էր Կովկասյան հանքային ջրերի մոտ, ուր գնացել էր իր առողջությունը կազդուրելու։ Այնտեղ տեղեկություն ստացավ Վրաստանի գլխավոր հրամանատար գեներալ Երմոլովից, թե որպիսի վտանգ էր սպառնում Անդրկովկասին։ Նա մոռացավ իր հիվանդությունը և երկու օրվա մեջ ջրերից հասավ Թիֆլիս։ Անմիջապես (10 օգոստոսի) նրան առաջարկվեցավ ընդունել այն զորքերի հրամանատարությունը, որ պատրաստել էին ուղարկելու պարսիկների դեմ։ Իշխանը մեծ ուրախությամբ ընդունեց, որովհետև վտանգը գլխավորապես իր հայրենիքին էր սպառնում։

Մինչև իշխան Մադաթովի հասնելը, դառնանք դեպի Շուշի բերդը, տեսնենք այնտեղ ինչ էր կատարվում։

Աբաս֊Միրզայի բոլոր ջանքերը բերդը տիրելու համար իզուր անցան։ Իզուր նրա մոտ գտնված ֆրանսիացի և իտալացի ինժեներները գործ էին գնում իրանց բոլոր արհեստը։ Բնությունից անառիկ ստեղծված բերդը գրավելու հնար չկար։ Նա ընդդիմացավ 48 օրվա սարսափելի պաշարման։

Բայց միայն բերդի բնական ամրությունը չէր, որ նրան պահպանեց թշնամու հարձակումներից։ Նրան պահպաներ գլխավորապես հայերի անձնազոհությունը։

Բացի բերդի մեջ բնակվող հայերից, այնտեղ շրջակա գյուղերից հավաքվել էին բազմաթիվ հայեր։ Այնտեղ կային, որպես վերևում հիշեցինք, 6 ռոտա ռուս զինվորներ միայն, պոլկովնիկ Րեուտի հրամանի ներքո։ Թե ինչպես էին գործում հայերը, մենք իբրև ապացույց, մեջ կբերենք մի փոքրիկ կտոր իշխան Մադաթովի կենսագրությունից։

«Ոչինչ չէր կարող խռովեցնել մի բուռն ռուսներին, որոնք ընկերաբար միանալով հայերի հետ (դրանք ըստ մեծի մասին