Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին ընկած թշնամու առաջը առնելու համար։ Իշխան Մադաթովը սկզբում նրանց հետ չէր, նա արագությամբ հետո հասավ իր հրամանատարությանը հանձնված զորքերին Կարմիր-կամուրջի մոտ, և այնտեղից առանց ժամանակ կորցնելու ճանապարհ ընկավ դեպի Գանձակ։

Զագամ գետի մոտ իշխան Մադաթովը հանդիպեց վրաց իշխանազն Ալեքսանդրին, որը 2,000 պարսիկ զորքերով և մի քանի վրացի ազնվականների հետ կամենում էր անցնել դեպի Նուխվա գավառը, լեզգիներին և տեղային մահմեդականներին ապստամբեցնելու ռուսների դեմ։ Իր զորաբաժնից իշխան Մադաթովը առեց փոքրաթիվ ձիավորներ և հարձակվեցավ Ալեքսանդրի վրա։ Կարճատև կռվից հետո վրաց իշխանազնը ստիպվեցավ խույս տալ դեպի Շամքորի լեռները։

Հաջողակ ձեռքով ջարդելով թշնամու առաջապահ գունդերը, իշխան Մադաթովը սեպտեմբերի սկզբներում հասավ Շամքոր գետի մոտ, որի աջ ափի վրա սպասում էր նրան պարսից գլխավոր զորությունը, պատերազմական կարգով։ Նրանց թիվը անցնում էր 10,000-ից, չհաշվելով Ղազախի և Շամշադինի թուրքերին, որոնք ահագին խումբերով միացել էին պարսիկների հետ։ Այդ խառնիճաղանջ բազմությանը առաջնորդում էր Ամիր-խան-սարդարը, որը շահի փեսան և նրա լավ զորապետներից մեկն էր, բացի նրանից, զորապետների թվում գտնվում էր Աբաս-Միրզայի երեց որդին։

Իսկ իշխան Մադաթովը ուներ իր հրամանի ներքո միայն 2 բատալիոն, 2 ռոտա և 4 թնդանոթներ։ Բայց քաջ և փորձված զորավարի անձնավստահությունը փշրեց թշնամու ահագին զորությունը։ Նրա ահարկու անունը, որը արդեն մահմեդականների մեջ առասպելական նշանակություն էր ստացել, բավական էր թշնամուն սարսափեցնելու համար։ Եվ իշխան Մադաթովը իր պատերազմական ճարպկությունների մեջ գիտեր այնպիսի հնարքներ բանացնել, որ ազդեր արևելքցիների երևակայության վրա։ Որպես Հոմերոսի հերոսները Տրոյան գրավելու համար կազմեցին իրանց ամեհի փայտեղեն երիվարը, այնպես էլ իշխան Մադաթովը սարքեց մի ահագին սայլ, որը, իբրև մի հրեշավոր մեքենա, հանդարտ ընթացքով առաջ էր տանում իր զորքերի աոջևից։ Սայլի միջից որոտում էին թնդանոթները, որ կապված էին նրա վրա։ Սարսափած թշնամին կարծում էր, որ այդ վիթխարի հրեշը իր բերանիցն էր հոսում անընդհատ կրակը ու գնդակները։

Պարսիկները չարաչար կերպով ջարդվեցան։ Նրանց գլխավոր