Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և առաջ են ընթանում, որ հանկարծակի հարձակում գործեն մեր (ռուսաց) զորքերի վրա։ Իշխան Մադաթովը անհապաղ այդ մասին տեղեկություն տվեց գեներալ֊-ադյուտանտ Պասկևիչին, որից տրվեցան այդ դեպքի համար բոլոր հարկավոր եղած հրամաները»[1]։

Եվ իրավ, Աբաս-֊Միրզան Շամքորի պարտությունից հետո իր զորքերի մի մասը թողնելով Շուշի բերդի մոտ, և առնելով իր հետ 15,000 կանոնավոր հետևակներ և 20,000 ձիավորներ, 20 թնդանոթներով, այնքան առաջ էր եկել, որ գտնվում էր 7 վերստ հեռավորության վրա Գանձակ քաղաքից։ Եվ ռուսները նրա շարժման մասին հազիվ թե տեղեկություն կունենային, եթե վերոհիշյալ երկու հայերը, որոնք Աբաս-Միրզայի ծառայության մեջ էին գտնվում, լրտեսի պաշտոն չկատարեին։

Գանձակի մոտ ռուսաց զորքերը բաղկացած էին միայն 6 բատալիոն հետևակներից և երեք պոլկ ձիավորներից, ունեին 24 թնդանոթներ։ Զորքերի այդ անհամեմատ սակավությունը Աբաս-֊Միրզայի ահագին զորության դեմ կարող էր միայն պաշտպանողական դիրք պահպանել և ոչ հարձակողական, և այսպես էլ վարվելու դիտավորություն ուներ գեներալ Պասկևիչը։ Բայց իշխան Մադաթովը, որ ավելի լավ ծանոթ էր արևելքցիների հետ, համոզեց նրան, որ թշնամուն ժամանակ տալով, նրա զորությունը ավելի կբարդվի, տեղացի մահմեդականները կմիանան նրա հետ, բացի դրանից, հասկացրեց, որ ասիացիների հետ պատերազմելու համար զորքերի թիվը այնքան նշանակություն չունի, որքան համարձակ և վճռական հարձակմունքը։

Վճռեցին կռվել Իշխան Մադաթովի պատերազմական տաղանդը, որպես Շամքորի ճակատամարտում, նույնպես և Գանձակի մոտ կատարված կռիվում, ցույց տվեց նրա զինվորական բարձր արժանավորությունները։

Աբաս-Միրզան հաղթվեցավ։ Պարսիկները այնքան շտապով սկսեցին փախչել, որ պատերազմի դաշտում և ճանապարհների վրա թողեցին իրանց բոլոր ծանրությունները։ Աբաս-Միրզան սեպտեմբերի 15-ին, իսկ նրա ջարդված զորքերը նույն ամսի 17-ին անցան Երասխ գետը։ Իշխան Մադաթովը հալածեց նրանց մինչև պարսից սահմանները։

Թշնամու հեռանալով Շուշի բերդի պաշարումն ինքնըստինքյան լուծվեցավ։ Իշխան Մադաթովը շտապեց այնտեղ բերդի

  1. «Жизнь генерал-лейтенанта княза Мадатова». Издание второе 1863 Երես 116: