Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/344

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեսնելու համար։ Մի քանի վերստ հեռավորության վրա, ահագին բազմությամբ նրա առաջ դուրս եկավ պոլկովնիկ Րեուտը հայոց հոգևորականության հետ։ Մինչև անգամ կանայքը, երեխաները ուրախության աղաղակներով արտահայտում էին իրանց շնորհակալությունը իրանց ազատչին։

Այստեղ իմացավ նա, որ թշնամին ոչ միայն ավերակ էր դարձրել նրա Չանախչի ամրոցը, այլ բոլորովին ոչնչացրել էր նրա գյուղերից 6-ը։ Ինչ որ կարողացել էին տանել, տարել էին, ինչ որ չէին կարողացել, այրել էին։

Բայց կողոպտված Ղարաբաղը տակավին հուզման մեջ էր։ Մետհի-խանը դեռևս գրգռում էր մահմեդականներին զանազան անկարգություններ գործելու, հորդորում էր նրանց թողնել Ղարաբաղը, անցնել Երասխի մյուս կողմը, պարսից հողի վրա, և այնտեղից հարձակումներ գործել։

Իշխան Մադաթովը պետք է իրան ցույց տար Ղարաբաղի բնակիչներին, մանավանդ, որ պարսիկները նրա մասին սուտ լուրեր էին տարածել, որ կռիվի մեջ սպանված է։

Բայց նա իր ձեռքի տակ զորքեր չուներ, որովհետև նրա հրամանատարության ներքո գտնված զորքերը այդ ժամանակ հանձնված էին գեներալ Պասկևիչին։ Այդ դեպքում ևս նրան օգնության հասան հլու և հնազանդ հայերը։ Շուտով կազմվեցան կամավորների խումբեր, որոնց իր հետ առնելով, իշխանը սկսեց թռչել դեպի Ղարաբաղի զանազան կողմերը, և ամեն տեղ հանձնել Մեհտի-խանի բորբոքած խռովությունները։

Հայերի օգնությամբ իշխանը խաղաղացրեց մահմեդականների խռովությունը։ Նրանց անհավատարմությունը շուտով մոռացվեցավ, մոռացվեցավ և հայերի անձնազոհությունր։ Այդ բավական չէր, իշխանը սկսեց այնուհետև ավելի շողոքորթել, ավելի նշանակություն տալ մահմեդականներին, որպես դաստիարակության մեջ տգետ մայրերը ավելի լրբացնում են չար երեխաներին, նրանց խոստումներ անելով, քաղցրավենիք տալով, որ ձայները կտրեն, անկարգություն չգործեն։ Այսպես էին վարվում մահմեդականների հետ, իսկ հայերի համար ասում էին` «դրանք մերն են…»։

XLV

Բայց ովքեր էին այն երկու հայերը, որոնք դեռ Գանձակի առաջ թողեցին Աբաս-֊Միրզայի բանակը, եկան իշխան