Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրավունքներ տալով, նրանց համար ռոճիկներ սահմանելով և այլն, ճանաչելով, որ հայ ժողովուրդը սերտ կերպով կապված է իր եկեղեցու և եկեղեցականների հետ, նա սկսեց զսպել ոչ միայն մահմեդականների կրոնական հալածանքը քրիստոնայաների դեմ, այլ աշխատում էր ավելի ուժ և խրախույս տալ քրիստոնեությանը, հաճախում էր հայոց եկեղեցին, ներկա էր գտնվում հայոց եկեղեցական հանդեսներին, որ իր օրինակով ցույց տա թե հայերի կրոնական պաշտամունքները ամենայն հարգանքի արժանի են: Նրա ժամանակ հայոց եկեղեցիները սկսեցին զանգակ հարկանել, որ առաջ արգելված էր:

Նույն ժամանակվա Ատրպատականի Իսրայել եպիսկոպոսը նրա ամենալավ բարեկամն էր։ Նա հատկացրեց եպիսկոպոսի համար նշանավոր ռոճիկ, բացի դրանից, առաջնորդարանի ծախքերի համար, իբրև, մշտական սեփականություն, ընծայեց ընդարձակ կալվածներ, որ նրանց եկամուտներով պահպանվի առաջնորդարանը[1]՝։

Ատրպատականի հայոց վանքերի գոյությունը ապահովացնելու համար շնորհեց նա, իբրև մշտական սեփականություն, յուրաքանչյուր վանքին գյուղ, իրանց բնակիչներով, հողերով և սահմաններով։ Այդ գյուղերը ազատ թողեց նա արքունի հարկերից, այդպես, որ կառավարության փոխարեն ինքը իրավունք ուներ ստանալ ոչ միյայն մշակության բերքերի մի մասը, այլև արքունի հարկերը[2]:

Թավրիզը Աբաս-Միրզայի աթոռանիստ էր․ այդ քաղաքի հայ հասարակության դրությունը բարվոքելու համար ազատեց նրանց ամեն տեսակի հարկերից։ Նույն արտոնությունը թավրիզեցի հայերը վայելում են մինչև այսօր, իսկ նրանց հարևան մահմեդականները հարկ են վճարում։ Երկար կլիներ մի առ մի

  1. Այդ ժամանակ Ատրպատականի հայոց հոգևոր կառավարության առաջնորդարանը գտնվում էր Սալմաս գավառի Հավթևան գյուղում, և կալվածները այդ գյուղի հողերիցն էին, որոնք հետզհետե վաճառավեցան թեմական առաջնորդների ագահությամբ…
  2. Ատրպատականում երեք նշանավոր վանքեր կան. Նախավկայի վանքը, որ գտնվում է Երասխի ափի մոտ Հին-Ջուղայից ոչ այնքան հեռու. Թադևոա առաքյալի վանքը Մադուի գավառում և Բարդուղիմեոս առաքյալի վանքը Հաղբակի գավառում: Այդ վանքերը դեռ պահպանում են Աբաս-Միրզայի շնորհած կալվածները, բայց հոգ. իշխանության անհոգությունից խիստ ողորմելի դրության մեջ