Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մատնությունը պատերազմի ժամանակ — ինքըստինքյան հասկանալի է: Թողյալ այդ, որպես Աբաս-Միրզային մերձավորներից մեկը, Ասրի-բեկին հայտնի էին պարսից բանակի բոլոր գաղտնիքները, նրանց թույլ և զորավոր կողմերը, թագաժառանգի դիտավորությունները և այլն, - այդ բոլորը հաղորդեց նա իշխան Մադաթովին այն ժամանակ, երբ պարսից զորքերը գտնվում էին Գանձակից 7 վերստ հեռավորության վրա, իսկ գեներալ Պասկևիչը և իշխան Մադաթովը Գանձակում նստած, ամենևին տեղեկություն չունեին:

Թե որպես վերջացավ Գանձակի մոտի կռիվը, մեր ընթերցողներին հայտնի է: Այդ հաղթությամբ իշխան Մադաթովը և գեներալ Պասկերևիչը ազատեցին ամբողջ Անդրկովկասը։

Իշխան Մադաթովը մեծ խոստումունքներով ընդունեց Ասրի-բեկին իր թիկնապահներին խումբի մեջ։ Պարսից թագաժառանգի սիրելին դարձավ նրա ձեռքում մի լավ գործիք։

XLVI


Պարսիկներին մշտական սարսափի մեջ պահելու համար հարկավոր համարվեցավ նրանից մի սաստիկ հարված տալ նույնիսկ պարսական հողի վրա։ Այդ նպատակով 26 թվի դեկտեմբերի սկզբներում իշխան Մադաթովը ստացավ գեներալ Երմոլովից գաղտնի հրահանգ մի արշավանք գործելու դեպի Երասխի մյուս կողմը։

Ձմեռային արշավանքը մի անծանոթ և լավ ճանապարհներից զուրկ երկրում, սաստիկ պիտի դժվարացներ իշխան Մադաթովին ցանկացած հաջողություն գտնել, եթե նա չունենար իր հետ մի այնպիսի ճարպիկ առաջնորդ, որպիսին էր Ասրի-բեկը։ Այդ երիտասարդը, երկար ժամանակ Պարսկաստանում մնալով, ծանոթ էր պարսից թե երկրի և թե բնակիչների բոլոր դրությունների հետ։

Իշխանը ուներ իր հետ 42-րդ եգերյան զորագնդից մի բատալիոն միայն, նրա մնացած զորքը բաղկացած էր Ղարաբաղի հայ հետևակներից և ձիավորներից: Դեկտեմբերի 28-ին նա արդեն գտնվում էր Խուդափիրինի կամուրջի մոտ, որը այդ կողմից միակ անցքն է Երասխ գետից: Այստեղ միացավ նրա հետ պոլկովնիկ Մեսչենկոն իր զոքերով: Բայց կամուրջից անցկենալ անհնարին էր, պարսիկները նրա կամարներից մի քանիսը խորտակել էին: