Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատճառով գետի միջով անցնել անկարելի էր։ Թվով 5,000 պարսիկներ կանգնած էին գետի ափի մոտ։ Նրանց գնդակների տարափի տակ իշխանը հրամայեց կամուրջը պատել տախտակամածով, որի վրայից անցավ զորքը։ Հենց առաջին օրում նրան հաջողվեցավ ցրել պարսից զորքերը և ոտք դնել պարսից հողի վրա Երասխի աջ կողմում։ Բայց այստեղից առաջ գնալ չկարողացավ նա, հենց այստեղ վերջացավ նրա մասնակցությունը 27 թվականի ռուս-պարսկական պատերազմին։

Ապրիլի 22-ին հանկարծ հրաման ստացավ նա գեներալ Պասկևիչից, որ իր հրամանատարությանը հանձնված զորաբաժինը հանձնե գեներալ-մայոր Պանկրատևին։

Տխուր, սրտաբեկ կերպով վերադարձավ իշխանը Ղարաբաղ։ Այստեղ կանգ չառեց նա, և մինչև անգամ առանց իր կախածները տեսնելու, հեռվից վերջին անգամ հայացք ձգելով իր հայրենիքի, իր ծննդյան տեղի վրա, հեռացավ, գնաց Թիֆլիս։

Թե ի՞նչ էր իշխան Մադաթովին այսպես անակնկալ կերպով հետ կանչելու պատճառը, այդ հարցը բացատրվում է միայն զանազան ենթադրություններով և զանազան տարակուսանքներով, որոնք ստուգության կարոտ են։ Այսքանը կասենք, որ նա ամբողջ հինգ ամիս մնաց Թիֆլիսում կատարյալ անգործության մեջ, մինչև վերջապես իրավունք ստացավ գնալու Ս. Պետերբուրգ։

Դեռ ռուս-պարսկական պատերազմը բոլորովին վերջացած չէր, երբ 1828 թ. ապրիլի 14-֊ին հրատարակվեցավ ռուս-թուրքական պատերազմը։ իշխան Մագաթովը նշանակվեցավ առանձին զորաբամնի հրամանատար և Դունայի կողմից գնաց թուրքերի հետ կռվելու։ Այդ արշավանքի մեջ ևս, որպես կարելի էր սպասել նրանից, ամեն կռիվների մեջ հանդիսացավ փառավոր հաղթություններով։ Բայց դեռ պատերազմի վախճանին չհասած, հիվանդացավ և նույն տարվա սեպտեմբերի 4-ին վախճանվեցավ իր բանակի մեջ, Շումլայի պարիսպների մոտ, թշնամու երկրի վրա։ Նրա մարմինը հանդիսավոր կերպով տարվեցավ նույն բերդը, թաղվեցավ սուրբ Գեորդ զորավարի եկեղեցու զավթում[1]։ Նրա թաղման հանդեսին ներկա էին մինչև անգամ նրա թշնամիները, թուրք օֆիցերները, և բազմաթիվ մահմեդականներ, որոնց նա շատ անգամ ռմբակոծել էր։

  1. Հետո հանգուցյալի ամուսնի խնդրելով, բարձրագույն հրամանով մարմինը բերվեցավ Ռուսաստան և դվեցավ Ալեքսանդրա-Նևյան մենաստանի մեջ(Александра Невская лавра)