Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նախնիքը։ Ղարա-Չինար գյուղում, մի ամբողջ շաբաթ մնալով Մելիք Բեգլարյան Սերգեյ-բեկ և Ալեքսան բեկ և Ալեքսան-բեկ եղբայրների տանը, տեղային ծերունիները գնում ու գալիս էին ինձ մոտ, ոգևորված պատմում էին իրենց երկրի մելիքների պատմությունը։ Ես գրում էի։ Հետո սկսեցի ճանապարհորդել Գյուլիստանի զանազան տեղերը, այլևայլ հիշատակարաններ քննելու համար։ Տեսա Մելիք-Բեգլարյանների տոհմային գերեզմանատունը Հոռիկի վանքի մոտ, մի ամայի, անմարդաբնակ տեղում, մթին անտառի մեջ, և դարերով աճած թուփերի, մացառների մեջ գտա այդ տոհմի հերոսների մոռացված շիրիմները։ Մեծ դժվարությամբ հաջողվեցավ ինձ կարդալ մամռապատ տապանաքարերի արձանագրությունները, որոնք ժամանակագրական և տոհմագրական կողմից պատմության համար նշանակություն ունեին։ Հենց նույն վանքի մոտ դեռ կանգնած է մի հոյակապ, սյունազարդ ամրոց, բարձր աշտարակներով, բազմաթիվ սենյակներով, որոնց մեջ մի ժամանակ բնակվում էին Մելիք-Բեգլարյանների նախնիքը։ Տեսա և Գյուլիստանի ահռելի բերդը, որ իր կիսավեր դրության մեջ դարձյալ հրաշալի է։ Գյուղերը պտտելով, քննում էի եկեղեցիներում կամ մասնավոր անձինքերի մոտ գտնված գրչագիր մատյանների հիշատակարաները, քննում էի եկեղեցիների կամ վանքերի պատերի վրա գտնված արձանգրությունները։ Գանձասարի վանքի պատի վրա մի ընդարձակ արձանագրություն նվիրված է Մելիք-Բեգլարյանների հիշատակին։

Գյուլիստանից անցա Ջրաբերդի գավառը։ Այստեղ հավաքեցի այն ավանդությունները, որ պահպանված էին Մելիք-Բեգլարյանների մասին։ Գետաշեն գյուղի եկեղեցում գտա մի գեղեցիկ գրչագիր ավետարան[1], արծաթե կազմով, որի հիշատակարանի մեջ արձանագրված էր Մելիք-Բեգլարյանների տոհմագրությունը։ Թարթար գետի հակառակ ընթացքով դեպի վեր բարձրանալով, ամեն քայլում հանդիպում էին Մելիք-Իսրայելյանների հիշատակները։ Ես այցելություն գործեցի Եղիշե առաքյալի ամայի

  1. Այդ ավետարանը մի ժամանակ գերի ընկած լինելով Պարսկարստան, Մելիք-Աթամ մեծը թափել է գերությունից, և գրել է տվել նրա վերջին թերթերի վրա իր տոհմի հիշատակարանը։ Այդ գիրքը հայակական արհեստի ամենագեղեցիկ գործերից մեկը կարելի է համարել, արծաթե կազմը այնպիսի հրաշալի քանդակներ ունի, մագաղաթը այնքան նուրբ է, պատկերները այնքան կենդանի են և գրիչը այնքան կանոնավոր է, որ կարող է ամենանշանավոր թանգարանի զարդը լինել: