Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց Թուրքիայի հայը աղքատ է: Թուրքաց հարստահարությունը այն աստիճան քամել է նրա նյութական զորությունը, որ նա հազիվ թե կարող է յուր դպրոցները կնոնավոր, նպատակահարմար կերպով առաջ տանել, եթե դրսից օգնություն չլինի:

Ռուսաստանի հայերը այժմ պետք է կատարեն տաճկահայերի վերաբերությամբ նույնը, ինչ որ մի ժամանակ իրանց ոսկիներով անում էին Հնդկաստանի հայերը ամբողջ ազգի համար։ Ռուսաստանի հայերը, բնակվելով մի բարեկարգ պետության հովանավորության ներքո, նյութապես ավելի բարեբախտ վիճակի մեջ են գտնվում, քան իրանց տաճկահպատակ եղբայրները։

Հնդկաստանի հայերը թողեցին ազգի համար խոշոր կտակներ, նրանց փողերով զանազան երկրներում հիմնվեցան բազմաթիվ դպրոցներ։ Ցանկալի կլիներ, որ մենք հետևեինք նրանց օրինակին, Բայց մեր պահանջը համեստ է, մենք խոշոր կտակներ չենք պահանջում։

Մեզանից ոչ մեկի տնտեսության մեջ մի զգալի փոփոխություն չէր լինի, եթե մեզ վրա բարոյական պարտք կդնենք յուրաքանչյուր տարի շարունակ կերպով, մեր կարողության համեմատ, մի քանի ռուբլի նվիրել Կ. Պոլսի միացյալ ընկերություններին։ Այդ ռուբլիներից կկազմվեին նշանավոր գումարներ։

Ռուսաստանի հայերը «Արարատյան» ընկերության վերաբերությամբ ցույց տվեցին իրանց բարեգործական եռանդը, թե որքան համակրում են կրթության գործին տաճկական Հայաստանում։ Հույս ունինք, որ այժմ ավելի ևս պիտի բազմապատկեն իրանց զոհաբերությունները, երբ մասնավոր ընկերություններից կազմվել է մի հոյակապ, հիմնավոր ընկերություն։

ՓԱԽՈՒՍՏԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Հեռագիրը մեզ լուր բերեց, թե Բ. Դուռը իր պատասխանի մեջ, որ հադորգած է Պոլսի եվրոպական դեսպաններին, խոստացավ համոզել ալբանացիներին զիջանել Դոլլցինիոն Չեռնոգորիային, և պարտավորվում է վճռել հունաց հարցը երեք ամսվա մեջ, իսկ հայոց հարցը` չորս ամսվա մեջ։

Այդ դարձյալ նույն մթին, երկդիմի և նենգավոր պատասխաններից մեկն է, որով Բ. Դուռը սովորություն ունի միշտ խույս տալ