Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրագիտության մեջ․ մի ժամանակ թարգմանի պատոն է կատարել Շուշի բերդի վերջին իշխողների՝ Իբրահիմ-խանի և Մեհտի-խանի մոտ, իսկ մի ժամանակ ծառայել է նույն բերդում գտնված գերմանացի միսիոնարների մոտ։ Այդ կենդանի պատմությունը երկու ամբողջ օր ինձ գրել էր տալիս Ղարաբաղի մելիքների և Շուշիի խաների անցքերը, որոնք նրա հիշողության մեջ խիստ անմոռաց կերպով պահպանված էին։ Զառամյալ ծերունին երեխայի նման ուրախանում էր, որ վերջապես գտնվեցավ մի մարդ, որին հաղորդեց իր սրտին եղած տեղեկությունները։ Ինքը գրելու անընդունակ էր դարձել․ աչքերը չէին տեսնում, իսկ ձեռքերը դողում էին։ Նա տվեց ինձ մի հնամաշ տետրակ (թերթերից պակաս), որի մեջ կային զանազան ժամանակագրական նկատողություններ Ղարաբաղի նշանավոր անցքերի մասին։ Մարդակերտից անցնելով Կսապատ գյուղը, այստեղ տեղեկություններ հավաքեցի Աթաբեկյանների մասին։ Հետո գնացի Գյուլ-Յաթաղ բերդը, որ պատկանում էր Մելիք-Ալլահվերդյաններին։ Այստեղ տեսա Մելիք-Ռուստամի ամրոցը, տեսա նրանց տոհմային գերեզմանատունը։ Մի քանի օր մնալով բժիշկ Աղասարյանցի տանը, ինձ հաջողվեցավ բավական նյութեր հավաքել Մելիք-Ալլահվերդյանների պատմության համար։

Այստեղից գնացի Խաչեն՝ Հասան-Ջալալյան իշխանների դարևոր բնակավայրը։ Տեսա Գանձասարի հռչակավոր վանքը—Աղվանից կաթողիկոսների վեհարանը, որը վերջին ժամանակներում դարձավ Ղարաբաղի մելիքների գաղտնի ժողովների խորհրդարանը։ Գանձասարի վանքի տաճառի մեջ և նրա շուրջը գտնված գերեզմանատներում ես քննեցի Հասան-Ջալալյան կաթողիկոսների և մելիքների շիրիմները։

Գանձասարի վանքի գյուղում, Վախթանգ-բեկ Հասան-Ջալալյանի տանը գտա մի հնամաշ տետրակ (սկզբի թերթերից պակաս)։ Դա սկսած, բայց չավարտված մի պատմության սևագրությունն է գրված Բաղդասար միտրոպոլիտի ձեռքով, գլխավորապես Հասան-Ջալալյանների տոհմի վերաբերությամբ: Առաջին մասը այնքան հետաքրքիր չէ, որովհետև քաղած է մեզ արդեն հայտնի Կաղանկատվացիի և Կիրակոս Գանձակեցու գրքերից: Իսկ վերջին մասը բովանդակում է իր մեջ հետաքրքիր տեղեկություններ Ղարաբաղի մելիքների, Պետրոս Մեծի և վրաց Վախթանգ Իշխանի հետ ունեցավ հարաբերությունների մասին, նրանց հարաբերությունների մասին Փանահ-խանի և Իբրահիմ-խանի հետ, վերջինիս կատարած