Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այստեղ գալու ժամանակ Շուշվա հոգևոր իշխանության հաջորդը ինձ տվել էր տեղային կոնսիստորիայի անդամ քահանաներրից մեկին, իբրև առաջնորդ, որ ցանկացած տեղերը ման ածե ինձ և գյուղացիներին հասկացնե իմ ճանապարհորդության նպատակը։ Բացի դրանից, գերապատիվ հաջորդը ինձ պատիվ էր արել, տալով իր սեփական ձին նստելու համար։ (Հաջորդի ձին էլ մեծ նշանակություն ունի գյուղացիների աչքում)։ Չնայելով այդ բոլոր նախապատրաստություններին, Չանախչի բերդում հազիվ կարողացա ազատվել մի մեծ սկանդալից։ Հյուրասիրվելով տեղային քահանաներից մեկի տանը, խնդրեցի ինձ մոտ կանչել մի քանի ծերունիներ, որոնք կարողանային ինձ բաներ պատմել Մելիք-Շահնազարյանների մասին։ Շատերը ներկայացան։ Նրանք խոսում էին, ես հարկավոր համարած տեղեկությունները նշանակում էի իմ նկատողության գրքույկի մեջ։ Հանկարծ հայհոյանքներով ներս թափվեցան մի խումբ մարդիկ և պատմողներին բռնությամբ դուրս քաշեցին սենյակից, կամենում էին ծեծել նրանց։ Ես շվարած մնացի։ Ինձ հետ եկած քահանան հազիվ կարողացավ հանգստացնել նրանց։ Բանից դուրս եկավ, որ այդ մարդիկը Մելիք-Շահնազարյանների տոհմիցն էին և նրանց շատ հաճելի չէր, որ իրանց նախնիքների պատմությունը գրվեր։

Առհասարակ ժողովուրդը սաստիկ վախենում է գրչից. հենց որ նրա աչքի առջև մի բան գրում ես, նա սարսափում է։ Ինձ շատ անգամ առաջարկում էին այսպիսի հարցեր. Աղա, դրանից խո մեզ վնաս չի՞ լինի։ Ի՞նչ անե խեղճ ժողովուրդը, նա ամեն դրությունների վրա նայում է պաշտոնական կետից։ Օրինակ, եթե մի գյուղատնտես, կամենալով ուսումնասիրել երկրի բեղմնավորության չափը, հարցնելու լինի գյուղացուց, թե քո ցանքը հարյուրին որքանն արդյունք է բերում,— նա իսկույն կսկսե ստել, մտածելով, թե կամենում են հարկերը ավելացնել։ Այսպես էլ, երբ կամենում ես հարցնել մելիքների տոհմին պատկանող այս և այն անձնավորության մասին, իսկույն սկսում են մտածել, չլինի՞ թե նոր քննություններ պիտի սարքեն. չլինի՞ թե հողերի, ազնվականության մասին էլի նոր բան կա…։ Այդ մարդիկը միշտ գործ են ունեցել ստորին պաշտոնյաների հետ, իսկ ուսումնասեր գիտնականը, պատմաբանը նրանց չի հանդիպել։

Վարանդայից անցա Տիզակի գավառը, գնացի Տող բերդը։ Այս բերդում իշխում էին Մելիք-Ավանյանները։ Տեսա նրանց տոհմային գերեզմանատունը, տեսա Մելիք-Եգանի կիսավեր պալատը,