Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարգով, զանազան անձինքների զանազան ժամանակներում Ղարաբաղի կաթողիկոսների, մելիքների մասին գրած և անտիպ մնացած պատմական աշխատություններ, մեր պարբերական հրատարակությունների կամ այլևայլ գրքերի մեջ ցրված հոդվածները Ղարաբաղի մելիքների մասին, ռուսաց ակտերի մեջ գտնված տեղեկություները Ղարաբաղի մելիքների մասին. որպիսի են Կովկասյան հնագրության մասնաժողովի ակտերը (Акты Кав. Археогр. Ком.) Մոսկվայում տպված հավաքածու ակտերի, որ վերաբերում են հայոց ազգի պատմության հետազոտությանը (Собрание актов, относящихся к обозрению истории армянского народа). ռուսաց պատմագիրների Սոլովևի, Բուտկովի, Դուրովինի, Հ. Արարատսկիի (հայ) և այլոց գրքերի մեջ գտնված տեղեկությունները Ղարաբաղի մելիքների մասին. այլև պարսից պատմագրության մեջ հայոց մելիքների մասին գտնված տեղեկությունները. ռուսաց կայսրների, պարսից շահերի, վրաց իշխանների և զանազան խաների Ղարաբաղի կաթողիկոսներին ու մելիքներին շնորհած անվանական հրովարտակների, ֆիրմաների օրինակները, մելիքների տոհմերի վերաբերությամբ գտնված արձանագրությունների օրինակները՝ եկեղեցիների, վանքերի, շիրիմների քարերի վրա, գրքերի հիշատակարանների մեջ, մելիքների տոհմային ճյուղագրության աղյուսակները։ Այդ բոլորը տպված կլինեն իմ սեփական բացատրություններով և ծանոթություններով։

Այդ գիրքը կազմելու համար ես ձեռքի տակ ունեմ բավական պատրաստի նյութեր։ Անտարակույս, ուրիշների մոտ գուցե գտնվում են և այնպիսի թղթեր, որոնք ինձ հայտնի չեն, որոնք ավելի լուրս կարող էին ձգել մելիքների դարու պատմության վրա։ Եվ որովհետև մի լիակատար, ճոխ հավաքածու կազմելը ավելի ընդհանրության օգնությանը կարոտություն ունի, այդ մտքով ես հրավիրում եմ օգնել ինձ, նրանով միայն, որ յուրաքանչյուր ոք, եթե գտնվում էր նրա մոտ մի որևիցե նյութ, որ կարող էր ծառայել իմ նպատակին, ուղարկեր ինձ իմ հավաքածուի մեջ զե։ոեղելու համարք: Ես չեմ պահանջում թղթերի իսկականները, եթե այդ հնարավոր չէր, ինձ թող ուղարկեն ճիշտ պատճեններ, միայն թե այդ պատճենները պետք է վավերացրած լինեն, որ համեմատեն իսկականի հետ։ Վավերացնել կարելի է կամ տեղային ուսուցչական խումբի մոտ, որտեղ կան թեմական դպրոցներ կամ տեղային կոնսիստորիայում, եթե կընդունեն։