Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/376

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինչո՞ւ ենք զարմանում ռամկի վրա։ Ես կարող եմ ցույց տալ ուսյալ, զարգացած մարդիկ, որոնք լավ հասկանում են, թե ինչ է պատմությունը, և որոնք խոստացել էին ինձ տալ իրանց մոտ գտնված այս և այն թղթերը, բայց վերջը չկատարեցին իրանց խոստմունքը։ Ինչո՞ւ, — միայն նախանձից։ Որովհետև իրանք այնքան պատրաստականություն չունեն, որ կարողանան իրանց ձեռքի տակ եղած նյութից օգուտ քաղել, իսկ ուրիշներին ևս թույլ չեն տալիս օգուտ քաղելու։ Իսկ եթե նույն թղթերը նրանց երեխաները իրանց աչքերի առջև պատառոտելու լինեն, ես հավատացած եմ, որ ամենևին ցավ չեն զգա. միայն կնայեն և կզվարճանան իրանց զավակների խաղի վրա։

Թե այսպես և թե այնպես, մենք ունենք մի պատմություն, որը դեռևս ուսումնասիրված չէ, որը դեռևս գրված չէ. դա է մելիքների տիրապետության ժամանակների պատմությունը։ Հայաստանը զանազան դարեշրջաններում, կորցնելով իր թագավորությունը, ունեցավ կուսակալների, մարզպանների, ոստիկանների, կուրապազատների դարերը։ Իսկ վերջին ժամանակներում մելիքների դարերը։ Այդ դարերի պատմությունը պետք է ներկայացնեն մեր նոր պատմությունը:

Մեր նախնի գրողները ավելի փութաջան գտնվեցան մեզանից։ Նրանք թողեցին մեզ իրանց ժամանակների պատմությունները։ Իսկ մենք, տասնիններորդ դարու զավակներս, ի՞նչ պիտի թողնենք մեր ապագա սերունդին։ Մի ամբողջ պատմություն կորչում է, անհետանում է, իսկ մենք դրա վրա ուշադրություն չենք դարձնում։

Հայտնի գրողներից մեկը ասում է. «քրքրիր մի ազդի հնությունները և մի գիշերվա մեջ կզարթնի նրա հոգին…)։ Պատմությունը այդ ազդեցությունը ունի ազգերի և ժողովուրդների համար: Պատմություն մի վարդապետարան է, մի դասարան է, որի մեջ ապագա սերունդը կրթվում է, զգուշանալով իր նախահարց սխալներից և հետևելով նրանց լավ գործերի օրինակին։

Կրկնում եմ, մենք ունենք մի պատմություն, որը կորչելու, անհետանալու վրա է։ Խամսայի մելիքությունների պատմությունը գրելը միայն մի փորձ էր, ցույց տալու համար, թե ունենք նոր ժամանակների պատմություն, որի վրա ուշադրություն չենք դարձնում։ Թե որքան հաջոդվեցավ ինձ այդ փորձը,— դա ուրիշ բան է, բայց կարծում եմ, որ ես կարողացա ապացուցանել, թե կա պատմություն։