Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/387

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ուրեմն ինչո՞վ բացատրել Մակար վարդապետի 3 տարի, 3 ամիս և 25 օրվա լռությունր։

Ես այս ևս կվերաբերեի հայր սուրբի վերին աստիճանի ծածկամտությանը. եթե նա դրան—նրան նամակներով դիմած չլիներ, որ տպագրեն յուր աշխատությունը,—կրկնում եմ յուր աշխատությունը և ոչ թե երևակայական Ապրես Բեկնազարյանցի։

Մի այսպիսի նամակ Մակար վարդապետը գրել է և ինձ, որով խնդրում էր, որ ես նրա աշխատությունը «Մշակի» մեջ տպել տամ:

Այդ նամակները կ՚պատառեն «Գաղտնիքի» վարագույրը և Մակար վարդապետի վարմունքը կ՚մերկացնեն հասարակության առջև[1]:

Ինչպես երևում է, Մակար վարդապետը սկզբում նպատակ չի ունեցել այսպիսի վարմունք թույլ տալ իրան, որի օրինակը մինչև այսօր ամենևին չէ տեսնվել մեր գրականության մեջ։ Նրան կամ խելքից հանել են ուրիշները, կամ մոլորության մեջ է ձգել յուր շահասիրությունը։ Թե այսպես, թե այնպես,— հանցանքը կատարված է։ Նա այժմ մի դատապարտյալ է գրական քննադատության ատյանի առջև:

Ես իմ հոդվածի շարունակության մեջ ցույց կտամ, թե նա ինչպես է կազմել «Գաղտնիք Ղարաբաղի»—ն։ Այդ գիրքը գրելուց հետո. հեղինակի փառասիրությունը դրդել է նրան տպագրված տեսնել յուր աշխատությունը։ Դիմել է զանազան անձանց և ոչ մի տեղից օժանդակություն չի գտել։ Հետո մտածել է՝ յուր անունը մի կողմ դնելով, յուր աշխատությունը պսակել մի երևակայական հեղինակի անունով, իբրև մի գրվածք, որ մի քանի հարյուր տարվա հնություն ունի, և բովանդակում է յուր մեջ «ամենավտանգավոր գաղտնիքներ» և «ամենահարուստ պատմական գանձեր» և այլն։ — Այդ հրապույրներով, մտածել է նա, մի բարեսիրտ մարդ գտնել, որ տպագրության ծախքը հոգա, բացի դրանից, գիրքը հետաքրքրական դարձնել, որ լավ ծախվի:

  1. 1Որովհետև դրանով պետք է մերկանա գրականական մի մեծ խարդախություն, որ եթե անլուծելի մնա, կարող է ապագայոք գայթակղության մի քար դառնալ մեր պատմագրության մեջ, —այդ ի նկատի ունենալով, ես վստահանում եմ հրապարակավ պարտք դնել այն բոլոր պարոնների վրա, որոնք Մակար վարդապետից նամակներ են ստացել ամբողջապես հրատարակեն, իսկ եթե նամակները չեն պահեր գոնե հրատարակեն նրանց բովանդակությունը։ Իսկ ես յուր մամանակին կհրատարակեմ իմ ձեռքում եղածները