Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բարբարոսությունները բացատրում է քրդական միության անունով…

Ինչպե՞ս պիտի վարվեն Թուրքիայի հայերը վերոհիշյալ բոլոր չարագործությունների դեմ։

Թուրքիայի հայերր մինչև այսօր իրենց բոլոր հույսը դրել էին դիվանագիտական բանակցությունների վրա, ամեն ինչ սպասում էին Եվրոպայից և իրենց փրկությունը միայն Բեռլինի դաշնագրի 61—րդ հոդվածի մեջ էին որոնում: Բայց Անգլիայի պետական մարտիկներից մեկը, միստր Բրայսը, այս օրերում խիստ ճիշտ կերպով նկատեց Կ. Պոլսի հայերին. «Աշխատեցեք չձանձրացնել Եվրոպային»։

Մենք կավելացնենք հայասեր անգլիացու խոսքերին, ոչ թե Եվրոպան, այլ աստված ինքը չի օգնի Թուրքիայի հայերին, եթե նրանք ինքները իրենց օգնելու մեջ ծույլ կլինին…

Թուրքիան խոստանում է վճռել հայոց հարցը չորս ամսվա մեջ։ Գուցե վճիռը նրանով կվերջանա, որ չորս ամսից հետո էլ Հայաստանում հայ չի մնա…

ՊԱՏԱՍԽԱՆ

Շատերը հարցնում են, թե ինչո՞ւ «Կայծերը» այս տարի չտպվեցան կամ ես երբ դիտավորություն ունեմ ի լույս ածելու այդ աշխատությունը։

Իմ հայտարարության մեջ ես սկզբից հայտնած էի, որ «Կայծերի» տպագրությունը կսկսվի այն ժամանակ միայն, երբ այդ գրքի բաժանորդներից ստացված գումարը կծածկե տպագրության ծախքը։ Ցավելով պետք է հայտնեմ, որ մինչև այսօր ստացված փողերը հազիվ թե բավական կլինին բոլոր ծախքերը լրացնելու։

Այսուամենայնիվ, չկամենալով իմ հարգելի բաժանորդների համբերությունը ձանձրացնել և նրանց երկար սպասել տալ, ես, որքան կարելի էր, աշխատեցի փութացնել տպագրությունը: Եվ որովհետև, բացի նյութական պակասությունից, ինչ—ինչ պատծառներով Թիֆլիսում այդ գրքի տպագրությունը անհարմար համարվեցավ, իմ բարեկամները խորհուրդ տվեցին Մոսկվայում տպագրել տալ, ուր մամուլի պայմանները ավելի նպաստավոր դրության մեջ են։ Այդ մասին ես արդեն բանակցություն եմ