Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/395

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Գաղտնիք»-ը կազմելու ժամանակ ինչպես երևում է, Մակար վարդապետը յուր միտքը բավական հոգնեցրել է, որքան կարելի է ծածկել յուր վարմունքը, — բայց նրա անզգուշությունը նրանում է եղել, որ որտեղ հարկավոր էր թվականներ և թվանշաններ դնել, նա չէ դրել, իսկ որտեղ հարկավոր չէր, նա առատությամբ դրել է, առանց մտածելու որ այդ թվականները և թվանշանները կարող են մատնել իրան:

Յուր առաջաբանի մեջ Մակար վարդապետը ասում է 1881 թվին, մայիսի 5-ին Ապրես Բեկնազարյանցը մուրացկանի կերպարանքով հայտնվեցավ նրա մոտ և «Գաղտնիք»-ը հանձնեց նրան: Տեսնենք Ապրես Բեկնազարյանցը կարո՞ղ էր հիշյալ թվին, Մակար վարդապետին տեսած լինել:

Ապրես Բեկնազարյանցը «Գաղտնիք»-ի վերջաբանի մեջ (394-398) ասում է, որ գտնվելով պարսից ծառայության մեջ, երկար ժամանակ դիտավորություն ուներ թողնել Պարսկաստանը, վերջապես 1838 թվին հաջողվում է նրան ուխտավորի անունով դուրս գալ Թավրիզից և ուղևորվել դեպի Երուսաղեմ: Այնտեղ մտնում է սուրբ Հակոբյան վանքի հայ միաբնության կարգը և ընդունում է նրանց հագուստի և մորուքի ձևը (՞): Այդ վանքում մնում է նա ամբողջ 9 տարի: Հետո ս. պատիրարքի օրհնությունը առնելով, 1846 թվին թողնում է այդ վանքը և հեռանում է Երուսաղեմից: Այնուհետև, որպեսզի թեթև լինի յուր փողերը, ոսկիներով փոխարկելով, 15.000 ոսկի կարում է ցնցոտների մեջ, և մուրացկանի կերպարանքով սկսում է զանազան երկրներում ճանապարհորդություններ անել: Որտեղ ասեք լինում է նա: Այդ վերջին ճանապարհորդությունները տևում են 39 տարի, մինչև գալիս հասնում է Ղարաբաղ, և յուր հայրենական Խնածախ գյուղում մնում է 10 օր միայն:

Այժմ հաշվենք:

1838 թվին նա թողել է Պարսկաստանը:

9 տարի մնացել է Երուսաղեմում:

39 տարի ճանապարհորդություններ է արել:

Եթե այդ բոլորը ի մի գումարենք կստանանք ներկա 1886 թվականը, որի մեջ ապրում ենք: Ուրեմն այս տարի Ապրոես Բեկնազարյանցը պետք է հանձնած լիներ Մակար Վարդապետին յուր «Գաղտնիք»-ը և ոչ թե 1881 թվին, երբ նա Ղարաբաղում չէր կարող գտնվել: