Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հորիցս կանխավ խրատված էի բնավ այո՛ կամ ո՛չ չպատասխանելու՝ սակայն խոստովանում եմ մեղքս, ինչպես տղայական տաք արյան հատուկ է՝ վարդապետին պատասխանեցի.—«Ավելի լավ կլիներ դու հայ մեռնեիր, քան թե փափականության մեջ ապրեիր». պարսիկ վարժապետիս.—«Դու ինձ պարտավոր ես պարսկերեն ուսուցանել և ոչ կրոնափոխություն, իսկ վրացի Թոմաս և էլիզա աղախիններիս.— «Դուք ավելի լավ կանեիք, ձեր շահամոլ և դյուրափոփոխ ազգականներին մահմեդականությունից արգիլել, քան ինձ վրացիություն ընդունել տալու ճգնիլ» (եր. 229—230)։

Այդ բոլոր միամիտ խոսակցությունները փոքրիշատե հավանական կարող էին լինել, եթե Աղա—Մամադ—շահը կանանոց ունենար։ Դժբախտաբար նա ներքինի էր և զուրկ պարսից շահերի կանանոց ունենալու բավականությունից։ Դեռ տղայության հասակում Ադլ—շահի հրամանով ներքինացրին նրան և պահվում էր նույն շահի արքունիքում, որ գտնվում էր Թավրիզ քաղաքում։ Իսկ երբ Զենդ—թարիմ—խանի զորավարը, Շըխալի—խանը, սպանել տվեց նրա հորը` Մամադ—Հուսեին—խանին, և նրա որդիներից շատերին կոտորել տվեց Աստարապատում, այդ կոտորածից ազատվեցավ Աղա—Մամադ—խանը, որովհետև գտնվում էր Ադլ—շահի մոտ [1]

Ադլ—շահի թագավորությունը տևեց 6 ամիս միայն։ Այնուհետև զորացավ Զենդ—թարիմ—խանը։ Դա Աղա—Մամադ—խանին բերել տվեց Շիրազ և պահում էր յուր կանանոցում, իբրև պատանդ։ Այդ կանանոցից փախավ նա և Ղաջարյան թագավորության սկիզբ դրեց[2]:

Աղա—Մամադ—շահը ինչպես կանանոց չուներ, նույնպես տան, մնացած երկու քույրեր չուներ, որ սիրեին Ապրես Բեկնազարյանին։ Նա միայն մի հորաքույր ուներ, որի վրա ամուսնացավ Զենդ—Քարիմ—խանը, նրա հորը սպանել տալուց հետո[3]։

  1. «Պատմութիւն Պարսից» Մ. Դ. Թաղիադեանցի, Ա հատ., եր. 216,
  2. «Պատմութիւն Պարսից» Մ. Դ. Թաղիադեանցի, Ա հատ., եր. 216: Պատմություն Նոր Ջուղայու «Հարություն Տեր Հովհանեանցի», տպված ի Նոր Ջուղա 1881 ամի, Ա. հատ., եր. 291
  3. «Նամեյի Խոսրովան» («Գիրք թագավորաց»), աշխատություն Ջալալ Միրզայի որդույ Ֆաթալի շահի, Գ. հատ., եր. 412: Տպված է Թեհրանում 1871 ամի