Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/405

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Պարսկաստան փոխադրած հայ և վրացի գերիներն բնակություն հստատած էին Թավրիզում, սորա շրջանակններում և փոքր մասամբ Թեհրանում: Վրացիք զգալի կերպով պարսկանում էին մահմեդական կրոնը ընդունելով, իսկ հայը ընդհակառակը պահպանում էին յուրյանց կրոնը եկեղեցիներ շինելով և երեխայք քահանայից ձեռք ուսուցանելով» (եր. 229):

Այդ խոսքերից խունկի հոտ է բերում… Երևում է, որ գրողը մի հոգևորական է… Չի ցանկացել, որ հայերը կորչեին Պարսկաստանում:

Եթե Ապրես Բեկնազարյանը Պարսկստանը տեսած լիներ, և Աղա-Մամադ-շահի գերիների հետ այնտեղ գնացած լիներ, հենց այդ փոքրիկ հատվածի մեջ այնքան սխալներ չէր անի, որը ես այժմ պիտի ցույց տամ:

Ինչպես վերևում հիշեցի, Աղա-Մամադ-շահի տարած թե հայ և թե վրացի գերիների հետքեր չեն մնացել Պարսկաստանում, Մահմեդականությունը բոլորին կլանեց: (Իհարկե, իմ խոսքը մի քանի զերծ մնացած անհատների մասին չէ): Սխալ է այն, որ Աղա-Մամադ-շահը բնակեցրեց նրանց Թավրիզում, նրա շրջակա գյուղերում և մասամբ Թեհրանում: 12.000 գերին փոքր բան չէ. եթե այդ քաղաքներում բնակեցված լիներ, չէին կորչի, որովհետև հնուց հայ ազգաբնակություն կար:

Թավրիզի հայ ազգաբնակությունը բաղկացած է գլխավորապես երկու տարրերից՝ բնիկներից և Ղարաբաղի գաղթականներից, որոնք մինչև այսօր պահպանել են իրենց բարբառը և, թե սովորույթներով և թե պարապմունքներով՝ բոլորովին որոշվում են մյուսներից: Եթե այդ քաղաքում բնակեցրած լինեին Թիֆլիսի գերիներին, այսօր կտեսնեինք նրանց, մանավանդ, որ խումբերով տրված գաղթականները միշտ առանձին թաղեր են կազմում և այդ թաղերը իրենց անունով են կոչում: Ինչպես Շահ-Աբասի Սպահան տարած գերիները բաժանվում են զանազան թաղերի, և երբեք ջուղայացին չխառնվեցավ երևանցու հետ, կամ երևանցին` դաշտեցու (Ներքինագուլեցու) հետ:

Իսկ Թավրիզի շրջակայքում, որ ցույց տալիս Բեկնազարյանը, ոչ միայն Թիֆլիսեցուց գյուղեր չկան, այլ մինչև անգամ մահմեդականների՝ թուրքուց կամ պարսից գյուղեր չկան: Թավրիզի շուրջը անապատ է, իսկ գյուղերը բավական են: Հայոց երեք