Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/412

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես «Գաղտնիք»-ից գողանալ չէի կարող, որովհետև երբ Աբրահամ Բեկնազարյանը գրում էր հիշյալ տողերը (1795 թ.), ոչ թե ես ծնված չէի, այլ իմ հայրն անգամ ծնված չէր։ Բացի դրանից, «Խամաայի մելիքությունները» լույս է տեսել 1882 թվին, իսկ «Գաղտնիք»-ը այս տարի —1886 թվին։ Առաջինը երկրորդից օգուտ քաղել չէր կարող։

Բայց պետք է խոստովանել, որ Աբրահամ Բեկնազարյանը նույնպես չէր կարող օգուտ քաղել «Խամսայի մելիքություններից», որովհետև նա մեռել է այդ գրքի լույս տեսնելուց 58 տարի առաջ —1828 թվին։

Ուրեմն ո՞վ է գողը…

Գողն ինքն իրան կգտնվի… բայց ես ավելորդ չեմ համարում հիշել մի զրույց։ Մի մարդից փողեր գողացան, նա ծիծաղելով ասաց— թո՜ղ տանե, շատ խեր չի տեսնի, նրանց միջում մեկը ղալբ (կեղծ) էր…

Նույնը կրկնում եմ և ես։ «Խամսայի մելիքություններից» առնված քաղվածքների մեջ մի խոշոր պատմական սխալ կա և այդ սխալը նույնությամբ մտել է «Գաղտնիք»֊-ի մեջ։ Այն կտորը, թե Աղա-Մամադ-շահը թողեց Շուշի բերդը գրավելու մտադրությունը և շտապեց Պարսկաստան` Ղանդահարի և Հերաթի ապստամբությունները զսպելու համար,— դա բոլորովին սխալ էր, այսպիսի ապստամբություններ ոչ տեղի են ունեցել, և ոչ էլ Աղա֊-Մամադ-շահը գնացել է նրանց զսպելու։

Թե ի՞նչն է սխալացրել ինձ, այդ ես գիտեմ, և իմ սխալը ինքս ուղղում եմ։ Բայց ինչ որ ներելի կարող է չինել ինձ, որ գրել եմ «Խամսայի մելիքությունները» հիշյալ անցքից 87 տարի հետո,— այն չէ կարող ներելի լիներ Աբրահամ Բեկնազարյանին, որ ոչ միայն գրում է հիշյալ երևակայական արշավանքի պատմությունը, այլ ինքը Աղա-Մամադ-֊շահից զորապետ կարգվելով 10,000 սարվազով գնում է Աղվանստան Ղանդահարի և Հերաթի ապստամբությունները նվաճում է, և տեղային խաներին կոտորում է, նրանց որդիներին հաջորդ է կարգում և այսպիսով, խաղաղացնում է մի ամբողջ երկիր (եր, 221—222)։

(Հիշյալ արշավանքի մասին «Գաղտնիք»-֊ից առած վկայությունները դրեցինք այս գլխի սկզբում, նորից կրկնել ավելորդ ենք համարում)։

Բայց ինչո՞վ բացատրել այդ հանելուկը։