Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/418

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թագաժառանգի՝ Աբաս-Միրզայի մոտ այնքան մեծամեծ պաշտոներ էին վարում, և այդ թագավորների ամենասիրելիներն էին, բայց ոչ մի աստիճան և ոչ մի տիտղոս չստացան: Հայր Բեկնազարյանը ծառայում է 33 տարի (1795-1828), իսկ որդի Բեկնազարյանը 43 տարի (1795-1838), բայց երկուսից և ոչ մեկը որևէ աստիճան չէ ստանում: Պարսից թագավորները տիտղոսներ և աստիճաններ շնորհելու մեջ ժլատ չեն, այլ ընդհակառակն, շատ առատաձեռն են: Հիշյալ թագավորների օրերում հայերը ստացան խիստ փայլում և խիստ փառավոր տիտղոսներ, ստացան և բարձր աստիճաներ: Ես կշիշեմ մի քանիս անուներն միայն:

Մանուչար-խանը ստացավ «մոհթամեդ դովլե» տիտղոսը, որ նշանակում է նեցուկ կամ սյուն պետության: Դա Աղա-Մամադ-շահի Թիֆլիսից տարած գերիներից էր, Էնիկոլոփյանների տոհմից: Պարսկաստանում այն աստիճանի բարձրացավ, որ Ֆաթալի-շահի օրերում վարում էր Կասպից ծովի հարավային նահանգներին` Գիլանի, Մազանդարանի փոխարքայության պաշտոնը: Իսկ Մամադ-շահի օրերում Սպահանի և ամբողջ պարսկական Արաբիստանի փոխարքան դարձավ: Ռուսաց թագավորը ուղարկեց նրան մի թանկագին, ակնակուռ դաշույն: Եվ մինչդեր ռուսաց Պարսկաստանի լիազոր դեսպանը` կոմս Մեդդեմը, պատրաստվում էր այդ ընծան մատուցանել, նա արդեն մեռած էր (1847 թ.)[1]:

Խոսրով խանը ստացավ «վալի» տիտղոսը, որ նշանակում է տիրապետող, իշխան, յուր չափազանց ուժեղության պատճառով, նա կոչվում էր և «շիր», որ նշանակու է առյուծ: Դա նույնպես Աղա Մամադ-շահի Թիֆլիսի տարած գերիներիցն էր, տեր Սամուլելի որդին, Ղայթմազյան տոհմից: 1838 թվին կարգվեցավ փոխարքա Ֆարսիստանի և խաղաղացրեց Սպահանի խռովությունները, որ տեղի ունեցան Ֆաթալի-շահի վախճանվելուց հետո[2]:

Սուլեյման-խանը նույնպես Էնիկոփյանների տոհմից էր, ստացավ «սամը-դովլե» տիտղոսը, որ նշանակում է սուր պետության: Դա մի նշանավոր զորավար էր, երկար ժամանակ վարեց

  1. «Խամսայի մելիքություններ», եր. 351, «Պատմություն Պարսից», Մ. Դ. Թաղինդյանցի, հատ. Ա., եր 213, 214, 261, 278: «Պատմություն Նոր Ջուղայի», հատ. Ա., եր. 437-444
  2. «Խամսայի մելիքություներ», Ա., եր. 213-214: «Պատմություն Նոր Ջուղայի» հատ. Ա., եր. 432-437