Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պաշտամունքները, ժողովրդական հանդեսները և այլն։ Մենք շատ փոքր տեղեկություններ ունենք մեր անցյալի մասին։ Մեր հնագիտությունը իր մութ և միանգամայն անմշակ վիճակի մեջն է:

Մինչ մի եվրոպացի հեղինակ կամենալով մի պատմական վեպ գրել, կարող է օգուտ քաղել հարյուրավոր պատրաստի աշխատություններից, դրա ընդհակառակն, մեզ մոտ ոչինչ չկա, որ վիպասանին նյութ մատակարարեր, նրա հայացքը անցյալի վերաբերությամբ լուսավորեր, նրա առջև բաց աներ հին աշխարհը իր կյանքի բոլոր երևույթներով։ Այդ պատճառով հայոց պատմկան վիպասանի համար, եթե նա բարեխիղճ է, մեծ աշխատություններ, ահագին դժվարություններ կան, մի օրինավոր բան գրելու համար։ Նա ինքը պետք է ուսումնասիրե հայոց ամբողջ հնությունը, որ իր վեպը կատարյալ լինի։ Իսկ դրա համար մի մարդու ոչ թե հանճարը և աշխատությունը, այլև ամբողջ կյանքը բավական չէ։

Հիշյալ հանգամանքները ի նկատի առնելով, շատ հեշտ է բացատրել այն տխուր երևույթը մեր գրականության մեջ, որ առանց բացառության մեր բոլոր գրողների փորձը անհաջող անցավ, երբ համեցան հեղինակել մի պատմական վեպ կամ դրամա։ Դրանց աշխատությունների մեջ մենք հանդիպում ենք պատմական անունների, պատմական անցքերի, բայց հայ մարդու վաղեմի կյանքը, հայ աշխարհի հին նկարագիրը չենք տեսնում։

Այս էր պատճառը, երբ ինձ առաջարկեցին գրել մի պատմական վեպ, ես չընտրեցի շատ հին ժամանակները, որոնք դեռևս մեզ համար մթության մեջ են թաքնված։ Ես վեր առի մեզանից մեկուկես դար առաջ պատահած մի անցք, այն է Սյունյաց աշխարհի հայերի ապստամբությունը պարսից լուծը թոթափելու համար։ Այդ ժամանակից մինչև այժմ հայոց կյանքի մեջ մեծ փոփոխություններ չեն եղել։

Ցավալին այն է, հիշյալ անցքի պատմությունը, որ մեր նոր տարեգրության մեջ մի նշանավոր տեղ պիտի բռնե, դեռևս խիստ աղքատ է, թերի և անկատար։ Մենք ունենք այդ մասին մի փոքրիկ միայն, որ տպվեցավ 1871 թվին էջմիածնում պ. Ա Գուլամիրյանցի հրատարակությամբ, այս վերնագրով` «Ընտիր պատմություն Դավիթ Բեկին և պատերազմաց հայոցն Խափանու, որք եղեն ընդդեմ թուրքաց ի մերում ժամանակի, այն է` յամի տեառն 1722 և հայոց 1171»: Բացի դրանից, Չամչյանի պատմության երրորդ հատորի 784 երեսից մինչև 800 երեսը