Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/424

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ բոլորը կատարվեցավ, բայց «Գաղտնիք»-֊ի հեղինակը, որ անձամբ նոր թագավորի մոտ էր, ոչինչ չտեսավ, ոչինչ չիմացավ… նա չտեսավ և այն, որ հիշյալ խռովությունների միջոցում, հայազգի գեներալ Դավիթ խան Սագինյանի քաջությունը և թնդանոթները միայն կարողացան պահպանել Սպահանը մի սոսկալի ապստամբությունից, որին ոչ միայն պիտի զոհ գնային տեղային հայերը, այլ Պարսկաստանը պիտի ենթարկվեր մի այլ թագավորի բռնապետությանը` հանգուցյալ Ֆաթալի-֊շահի որդիներից, որին շատ դժվար պիտի լիներ հեռացնել յուր գահից[1]:

Ահա ինչու վերևում ես ասացի, թե առիթներ շատ կային, որ Բեկնազարյանները խոսեին իրենց ժամանակում Պարսկաստանում գտնված նշանավոր հայազգի պաշտոնակալների մասին, որոնք այնքան մեծամեծ գործեր կատարեցին, որոնք ոչ սակավ նպաստեցին ազատելու տատանվող պետությունը յուր ահեղ կործանումից։ Եվ եթե Բեկնազարյանները լռում են, այդ արդեն պարզ ապացույց է, որ նրանք ոչ Պարսկատանում են եղել, և ոչ պարսից թագավորների մոտ որևէ պաշտոն են կատարել։ Որովհետև նրանք բոլորովին մանր և չնչին բաների վրա ուշադրություն են դարձում, իսկ պատմական խոշոր երևույթները չեն տեսնում Մուզեոն այցելող ստախոսի նման` մժղուկներին տեսնում են, իսկ փղերին չեն նկատում…

Մի այլ փաստ, որի մեջ երևում է Բեկնազարյանների կատարյալ տգիտությունը Պարսկաստանի վերաբերությամբ։ Հայր Բեկնազարյանը հիվանդանում է ։— Որտեղ ։— Թավրիզում։ Չմոռանանք այդ։ Որդի Բեկնազարյանը այսպես է գրում յուր հոր հիվանդության մասին.

«Հայրս երկու ամաից ի վեր հիվանդ էր ընկողմանած անկողնում։ Հիվանդությունն ջերմի ամենասաստիկ տեսակիցս էր, այսուամենայնիվ շահի բժիշկներն հուսադրում էին, որ կառողջանա։ Թե որքան խնամք տարավ բարեխնամ Ֆաթալի-շահն հորս առողջության համար անկարելի է մի ըստ միոջէ նկարագրել այստեղ» (եր. 383)։

Հիշյալ ասացվածների մեջ նկատողության արժանի երկու կետ կա, առաջինը արդյո՞ք կարող էին շահի բժիշկները այցելել հիվանդին, երկրորդ, կարո՞ղ էր բարեխնամ Ֆաթալի-շահը հոգ տանել հիվանդին։ Ոչ առաջինը կարելի էր և ոչ երկրորդը։ Ւնչո՞ւ:

  1. «Պատմություն պարսից», Մ. Դ. Թաղիադյանցի, հատ. Ա, եր.232-265