Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/431

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ֆաթալի-շահի Աղա-Իբրահիմ ներքինին — «Գաղտնիք»-ի Աբրահամ Բեկնազարյանը — Աղա-Մամադ-շահի Ղարաբաղից տարած գերիներից էր։ Եվ նրան խզել էին ոչ թե ծերության հասակում, այլ մանկության հասակում։

Պարսկաստանում ներքինացնելը կատարվում է երկու նպատակով. մեկը` քաղաքական նպատակով, որ նա ժառանգներ չթողնե, ինչպես օրինակ, Աղա-Մամադ-շահը ներքինիացրած էր,- մյուսը` հարեմական նպատակով։ Թե առաջինը և թե երկրորդը կատարվում են մանկության հասակում, երբ մանուկը տակավին անչափահաս է։

Եվ այդ ընդունված սովորությունների համեմատ տարակույս չկա, որ Աբրահամ Բեկնազարյանը պետք է ներքինի դառնար նույն հասակում, որ փոքր առ փոքր վարժվելով կանանոցի կարգերի հետ ծանոթանալով, այնքան մեծանար, որ վերջը մինչև ներքինապետի աստիճանը բարձրանար։

Այն հանգամանքը,— այսինքն Աբրահամ Բեկնազարյանի մանկությունից Ֆաթալի-շահի կանանոցը մտնելը և այնտեղ ներքինի լինելը միանգամայն ոչնչացնում է «Գաղտնիք»-ի ամբողջ շինվածքը և իսպառ հերքում է այն բոլոր երևակայական սխրագործությունները, որ այս գրքում կապված են Ա. Բեկնազարյանի անձնավորության հետ։

Ինչու՞։

Նրա համար, որ Ֆաթալի-շահի կանանոցի Աղա-Իբրահիմը մի հայտնի անձնավորություն է։ Նա, ինչպես վերևում հիշեցի, Աղա-Մամադ-շահի Ղարաբաղից 1795 թվին տարած գերիներից էր: Այդ թվականում նա դեռ 10—15 տարեկան մանուկ էր։ Հետո ներքինի դարձավ։ Այժմ «Գաղտնիք»-ից բերած վկայությունից հաստատվում է, որ Աբրահամ Բեկնազարյանը և հիշյալ Աղա-Իբրահիմ ներքինին միևնույն անձնավորություններն են։ Եթե այսպես է, ուրեմն ինչպե՞ս կարող էր նա 1680 թվականներում աշակերտած լինել Գանձասարի Ներսես կաթողիկոսի մոտ և «Գաղտնիք»-ի համար պատմական նյութեր ընդօրինակել։ Ախր 1795 թվականի և 1680-ական թվականների մեջ 115 տարվա տարբերություն կա։

Եթե այդ 15 տարին տանք Արրահամ Բեկնազարյանի հասակին, երբ նա Ղարաբաղից գերի տարվեցավ Պարսկաստան,— 109 տարին բոլորովին բաց է մնում, և այդ 100 տարվա ընթացքում դեռ չծնված Բեկնազարյանի գործերը, որոնք րնդարձակ տեղ են բըռնում է «Գաղտնիք»-ի մեջ, ինքնըստինքյան ջնջվում են,