Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/436

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Շուշի բերդից երկու ժամ հեռավորության վրա գտնվում է Խնածախ բերդը: Մակար վարդապետը այդ գյուղացի է: Նա ցանկացել է անմահացնել յուր ծննդավայրը և նրան Ղարաբաղի մելիքների պատմության մեջ մի փայլուն դեր տալ: Բայց, դժբախտաբար, Խնածախը թե յուր դիրքով և թե յուր սև անցյալով այն հարմարությունները չէ ունեցել, որ Մակար վարդապետի փափագներին լիակատար բավականություն տար: Իսկ այդ բնավ չի հուսահատեցրել հայր սուրբին: Նա գյուղի դիրքը կարողացել է ամրացնել. նրա շուրջը անմատչելի լեռներ է ստեղծել և այդ լեռները պատել է կաղնիների խիտ անտառով: Նույն լերռների մեջ զետեղել է մի ընդարձակ այր, որ կոչվում է «Ծակ-քար» և որը վտանգի ժամանակ կարող է պատսպարել յուր մեջ մի քանի հարյուր հոգի: Գյուղը արդեն պատերազմական բոլոր հարմարությունները ստացավ, բայց ի՞նչ անել գյուղացիների անցյալի հետ: Թե Խնածախը և թե նրա մերձակա Բալլուջա գյուղը՝ երկուսն էլ Շուշի բերդի Իբրահիմ-խանի կալվածներն են-այն Իբրահիմ-խանի, որ Ղարաբաղի մելիքությունների կործանման պատճառը դարձավ, և որը դեռ շարունակում է պատերազմել մելիքների հետ: Իսկ այդ երկու գյուղերում զետեղված են այն բոլոր փախստականները, որոնք դավաճանել են հայոց մելիքների և անցել են նրանց թշնամի Իբրահիմ-խանի կողմը: Հիմա ի՞նչպես անել, որ մի կողմից կարելի լինի ծածկել դավաճանության արատը, որ գրած է հիշյալ գյուղացիների վրա, իսկ մյուս կողմից՝ նրանցից