Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/447

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամեն մի ղարաբաղցի զինվոր էր։ Երբ թշնամին մոտենում էր, մելիքը բարձրանում էր յուր տան կտուրի վրա, ձայն էր տալիս և նույն րոպեում յուրաքանչյուր գյուղացի առնում էր զենքերը, նստում էր ձին և հետևում էր մելիքին։

Ճշմարիտ է, ժողովուրդը յուր հասկացողության համեմատ, յուր հերոսներին մականուններ է տալիս։ Բայց այն տեսակ հերոսներ, որ իրանց գործողություններով սաստիկ ազդում են ժողովրդի երևակայության վրա, պաշտելի են դառնում և ժողովրդից մականուններ են ստանում,— այս տեսակները դարերի ընթացքում հայտնվում են մի կամ երկու հատ միայն։ Հայոց ամբողջ պատմության մեջ Հայկ—Դյուցազն, Վահագն Վիշապաքաղ, Տորք—Անգեղ, Հովհան—Քոշ, Գայլ—Վահան, Աշոտ—Երկաթ, Աշոտ—Մսակեր, Գող—Վասիլ, Առյուծ—Խաչիկ, դրանք այնպիսի հերոսներ են, որոնց նմանները ուրիշ դարեր չեն ծնել։ Դրանց անվան հետ ժողովուրդը կապել է յուր զգացմունքը, յուր երգերը և յուր առասպելաբանական էպոսը։

Բայց «Գաղտնիք»—ի մեջ հանկարծ և միաժամանակ բուսնում են 60—70 հերոսներ, որոնցից և ոչ մեկ առանց մականունի չէ։ Դա պատմական իսկություն չէ, դա մի անբնական վիժմունք է, միայն Մակար վարդապետի գլխից։ Որովհետև մարդկային պատմությունն ունի յուր անխախտ օրենքները, յուր հղիությունը և յուր ծնունդը։

Զարմանալին այն է, որ հիշյալ 60—70 հերոսներից, ամբողջ 50 Մակար վարդապետի գյուղացիներն են Խնածախից,— մի գյուղից, որը ընդամենը 50 ընտանիքից է բաղկացած։ Յուրաքանչյուր ընտանիք ծնել է մի—մի «Կայծակ» և մի—մի «Կարկուտ», մի—մի «Վիշապ» և այլն։ Եվ դրանք հասարակ մարդիկ չեն, այլ ամենքը Ղարաբաղի մելիքների մոտ «հարյուրապետի», «հազարապետի», «զորավարի» պաշտոն են վարում։ Կարծես ամբողջ Խնածախը մի զինվորական դասակարգ լիներ, և զորապետությունը միայն այդ գյուղացիների արտոնական ժառանգությունը լիներ։

Որտե՜ղ կորան նրանց սերունդները։ Եթե զորապետներ էին, հարկավ և՝ ազնվականներ էին, և՝ կալվածատերներ էին։ բայց ամբողջ Խնածախը ոչ մի ազնվական չունի, ոչ մի կալվածատեր չունի։ Ամենքը Իբրահիմ—խանի հասարակ գյուղացիներն են և նրանց հողերն են մշակում։ Ինձ հայտնի են փաստեր, որ շատերը այնքան ճարպիկ, այնքան նախանձախնդիր են գտնվել ազնվականություն ժառանգելու,