Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/452

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շահի զորքերին առաջնորդում էր հայազգի գնդապետ Հովհաննես Մելիք-Հայկազյանը, որ ուներ յուր հրամանի ներքո «2000 կանոնավոր և 2000 անկանոն սարվազներ» (երբ սարվազներ էին, անկանոն չէին կարող լինել)։ Նրանց հետ միացած էին 3000 ձիավորներ երկու «հազարապետների» գլխավորությամբ, որոնց մեկի անունը Սուլեյման էր, իսկ մյուսի անունը` Ւստամազ։ Եվ այսպես, թշնամու ամբողջ զորությունը բաղկացած էր 7000 հետևակ և ձիավոր զինվորներից։ Այդ ահագին բազմությունը գալիս էր երկու դատարկ գյուղեր ոչնչացնելու— Խնածախը և Բալլուջան, որոնց բնակիչները փախել, մտել էին Շուշի բերդը։

Բայց 80 հոգի ալյուր տանողները մնացել էին բերդի դրսում։ Դրանք հանդիպում են շահի զորքերին։ Կռիվը սկսվում է հենց Խնածախի մոտ։ Մի քանի ժամվա մեջ երեք անգամ ճակատամարտ է լինում, և ամեն անգամ շահի զորքերը տերևների նման թոթափվում են այդ մի բուռն «քաջերից», թողնելով պատերազմի դաշտում դիակների ահագին բազմություն։

Սուլեյման և Իստամազ «հազարապետները» սպանվում են և նրանց հրամանատարության ներքո գտնված 3000 ձիավորներից մի հատ էլ չի մնում, — հայոց «քաջերը» բոլորին ամբողջապես կոտորում են (եր. 37)։ Իսկ հետևակ սարվազներից կոտորում են 2671 հոգի, որոնց թվում կային 1 հազարապետ և 8 հիսնապետ (եր. 34)։ Եվ այսպևս, թշնամուց սպանվածների ամբողջ թիվը լինում է 5671 հոգի։

Իսկ հայոց «քաջերից» սպանվում են 2 հոգի միայն…

Հաղթությունը մնում է 80 հոգի ալյուր տանողների կողմը…

Այդ սարսափելի ստախոսությունից հետո «Գաղտնիք»-ի հեղինակ Աբրահամ Բեկնազարյանը, որ ինքը անձամբ մասնակցում էր կռվին, դեռևս երես ունի ասելու. «Սպանվածների քանակությունն թերևս չափազանցություն կերևի ընթերցողաց, բայց մենք ճշմարտությամբ գրեցինք» (եր. 34)։

Եթե Աղա-Մամադ-շահի զորքերը ամբողջապես ոտները կապած հավերից բաղկացած լինեին, դարձյալ անկարելի էր մի քանի ժամվա մեջ 5671 հավ կոտորել։

Բայց այդ մի քանի ժամվա մեջ Մակար վարդապետի «քաջերը» ուրիշ գործեր ևս կատարեցին։ Նախ` բոլոր 5671 սպանվածների դիակներր թաղեցին հողի տակ, և իրանց հաղթությունը հավերժացնելու համար, նրանց վրա բարձր հողաբլուրներ կանգնեցրին Հետո Սուլեյման հազարապետի ընկած տեղի անունը