Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/455

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մելիք-Մեջլումի նամակը նույն միտքն էր հայտնում շահի խաբված լինելու մասին, հետո շարունակում էր մի երկար պատմություն Ղարաբաղի հարազատ և անհարազատ կաթողիկոսների մասին, շահի խոստումների վաղեմի մելիքություները վերականգնելու և այլն: Վերջը հրավիրում է Աբրահամ Բեկնազարյանին որ յուր հետ առնելով խնծախցի և բալուջացի «քաջերին», դիմե շահի բանակը, խորհուրդ տալով, թե ավելի նպատակահարմար էր ծառայել շահին և սպասել նրա խոստումներին և այլն:

«Հայրս,—շարունակում է որդի Բեկնազարյանը,— խնդրեց շահի նամակի հայերեն պատճենը. գնդապետը հայերեն թարգմանեց և հայրս մատիտով գրեց թղթի վրա: Մելիք Հայկազյանն զարմանք հայտնեց հորս նախապատրաստության վրա, որն կրում էր միշտ յուր վրա թանաքաման, թուղթ և գրիչ» (եր.32):

Այսօր անգամ Խնածախ գյուղում անկարելի է մի հատ մատիտ գտնել: Իսկ Աբրահամ Բեկնազարյանը գործ էր ածում մատիտը Գիտե՞ք երբ, — 1795 թվին, մեզանից 90 տարի առաջ, երբ Անդրկովկասում մատիտի անունն անգամ չէին լսել: Եվ հետաքրքիրն այն է որ կռվի միջոցին, «Գաղտնիք»-ի հեղինակը զենքերի հետ կրում էր յուր վրա թուղթ, թանաքաման և գրիչ… Այս բոլոր նախապատրաստությունները տարակույս չկա, որ «Գաղտնիք»-ի համար էին, և հենց այդ նպատակով Աբ. Բեկնազարյանը խնդրեց շահի նամակի հայերեն թարգնամանությունը: Եվ շահի միամիտ գնդապետը յուր թագավորի պաշտոնական նմակի պատճենը հանձնեց «Գաղտնիք»-ի հեղինակին հենց նույն րոպեում, երբ խնածախցիք նրա աչքերի առջև դեռ շարունակում էին կոտորել յուր զորքերը: Կարծես, դա նրա համար միայն եկած լիներ, որ «Գաղտնիք»-ին մի նոր նյութ մատակարարեր…

Իսկ Աբրահամ Բեկնազարյանը ոտքի վրա գրում էր Մելիք—Մեջլումից ստացած նամակի պատասխանը: Երբ վերջացրեց, սուրհանդակին ճանապարհ դրեց:

Խնածախցիք դեռ կոտորում էին…

Աբրահամ Բեկնազարյանը յուր որդուն, փոքրիկ Ապրեսին հանձնում է գնդապետի պահպանությանը, իսկ ինքը աճապարում է դեպի անտառի կողմը, որտեղ կռիվը նորից բորբոքվել էր: