Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/456

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շահի բարեսիրտ գնդապետը մնում է այնտեղ և այժմ դայակի պաշտոն է կատարում… ( եր. 33)։

Այդ բոլորը շատ հասկանալի է, սպիտակ թելով կարկատած զառանցություններ են, մի այնպիսի մարդու գլխից ծագած, որ ինչպես երևում է, յուր կյանքում ոչ պատերազմ է տեսել և ոչ գիտե պատերազմող մարդու պարտավորությունները: Մելիք-Հայկազյանը յուր թագավորին դավաճանած կլիներ, եթե թույլ տար, որ յուր հրամանատարության հանձնած զորքերը կոտորեին, իսկ ինքը զբաղվեր թարգմանություններով կամ յուր ախոյանի որդուն պահպանելով…

Բայց բանը դրանում չէ, ես ավելորդ չեմ համարում ցույց տալ այն ծիծաղելի ինտրիգը (բանսարկությունը), որ Մակար վարդապետի նկարած պատկերի հյուսվածքն է կազմում։

Երևակայեցեք, Խնածախ և Բալլուջա գյուղերը, որպես նախորդ գլխում տեսանք, Իրրահիմ-խանի սեփական կալվածներն էին։ Եթե այդ գյուղացիները անհավատարիմ հայտնվեցան, Իբրահիմ-խանը, որ այսօր պարսից ահարկու թագավորին յուր 60.000 զորքերով պահել էր յուր անմատչելի բերդի պարսիպների մոտ[1],—միևնույն Իբրահիմ-խանը չէր կարող մի հարվածով ոչնչացնել հիշյալ գյուղերը որոնց երկուսը միասին միայն 120 ընտանիքից էին բաղկացած։ Այն բարբարոսը, որ Ղարաբաղի վաղեմի մելիքությունները ոչնչացրեց և նոր, իրան հավատարիմ մելիքություններ ստեղծեց,- այն երևելի խորամանկը, որ Ղարաբաղի հարազատ կաթողիկոսությունը ոչնչացրեց և նոր, իրան հավատարիմ կաթողիկոսություն ստեղծեց։ — Մի՞թե չէր կարող առաջուց պատմել յուր գյուղացիներին, երբ հայտնվեցավ նրանց անհավատարմությունը։ Իսկ այսօր, երբ թշնամին յուր ահարկու զորությամբ պաշարել է նրա բերդը, մի այսպիսի տագնապի ժամանակ, Իբրահիմ-խանը, ամեն հոգսեր թողած, յուր գյուղացիներին պատժելու մասին է մտածում, — այն գյուղացիներին, որոնց ընտանիքները պատսպարված են յուր բերդում, իսկ տղամարդիկը ալյուր և պաշար են կրում յուր բերդը… Եվ պատմել ինչպե՞ս։—

Իստամազին և Սուլեյմանին 3000 ձիավորներով ուղարկելով պարսից բանակը, որ շահին խաբեն և նրանից ևս զորքեր առնելով գնան դատարկացած Խնածախը և Բալլուջան ոչնչացնելու… Կարծես 3000 ձիավորը բավական չէր…

  1. Այս անգամին Աղա-Մամադ շահը չկարողացավ գրավել շահի բերդը: