Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տառերը սեպաձևներ չեն, այլ մի այլ տեսակ նշանագրեր. «լուսաւորչին» բառը նույնպես մի այլ տեսակ սեպաձև է։ Մնացյալ «սուրբ Յովհանէս Մկըրտչին» բառերը հայոց ծածկագրության օրինակներ են։ Մի խոսքով, այդ երկու տողը բավական պարզ գաղափար է տալիս, թե քանի տեսակ նշանագրեր էին գործածում մեր նախնիքը։

Թերթիկի առաջին երեսի վրա գրված հիշատակարանից երևում է, որ հիշյալ Ավետարանը գրված է եղել Վանա երկրի Ավանց գյուղում[1] (այսինքն հայոց բևեռագրերի հայրենիքում հայոց ՌԽԸ (1048) թվականին, սուրբ Հովհաննես Մկրտչի և սուրբ Գրիգոր Լուսավորչի վանքում։ Ուրեմն 283 տարի հնություն ունի։ Երևում է, որ 283 տարի առաջ հայոց հին բևեռագրները ոչ միայն ընթերցանելի էին մեր գրագետներին, այլ մինչև անդգամ գործածության մեջ էին։ Ինչո՞ւ չմտածել, Խորենացին, որ միևնույն երկրիցն էր, ծանոթ չէր բևեռագրների ընթերցմանը իր պատմությունը գրելու ժամանակ օգուտ չքաշեց նրանցից։

Թե հայոց հին բևեռագրների ընթերցումը ծանոթ է եղել մեր նախնիքներին, մինչև անգամ երկու- երեք դար առաջ, դրա հարմար ուրիշ ապացույցներ ևս կան։ Մի պարոն ինձ խոստացել է տալ մի մագաղաթյա թերթ, որ դուրս է բերել մի հին բառարանից, որի վրա գրված են բևեռագրների այբուբենարանի բացատրրությունները։ Երբ ձեռք բերեմ, կուղարկեմ ձեզ։

Եղանակի վատության պատճառով երկու օր ավելի մնացի Ագուլիսում. այսօր դուրս եմ գնում դեպի Պարսկաստան։

ՀԱՅՈՒՑ ՄԱՆԿԱԿԱՆ ՊԱՐՏԵԶ ԹԻՖԼԻՍՈՒՄ

Ահա արդեն երկու տարի է Թիֆլիսում տիկին Բաբայանի աջակցությամբ կազմվել է կանանց խումբը, որ կրում է «Ֆրեոբելյան» անունը։

Այդ խմբի գլխավոր նպատակը եղել է պատրաստել հմուտ վարժուհիներ և ուսուցչուհիներ մեր հայոց ուսումնարանների համար. բայց թե որքան է հասել այդ խումբը իր նպատակին, այդ ցույց կտա ամենամոտիկ ապագան։ Ինչ կվերաբերի տիկին

  1. Ավանց գյուղը գտնվում է Վանա լճակի ափին, Վան քաղաքից 20 վերս հեռավորության վրա և լճակի նավահանգիստն է։